կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 20:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն մարդկանց ցավի վրա փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել․ Արթուր Խաչատրյան

Եթե իշխող թիմը մտածեր գերիների մասին, ապա գերիների վերադարձի հարցը գոնե առաջինը կլիներ օրակարգում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը գյումրեցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

Շիրակի մարզ՝ հանդիպման գնացող, Հայրենիքի փրկության շարժման անդամների ճանապարհը մի խումբ քաղաքացիներ փակել էին, և լրագրողներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք կազմակերպիչը իշխող՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր։

«Կազմակերպիչը չեմ կարող ասել՝ ով է եղել, բայց այն, որ ՔՊ կողմից պետք է սադրանք լիներ, դա բնական էր։ 20-30 հոգի մարդ էին։ Ցավոք սրտի, շատ տգեղ խաղ են խաղում՝ հաշվի առնելով, որ Շիրակի մարզից 60-ից ավելի գերեվարված անձինք կան, լուրեր են տարածում, որ, եթե ընդդիմությունը գա, այս հարցը չի լուծվի։ Նրանց ասում են՝ դուք ձեր երեխաներին եք ուզում, գնացեք՝ Նիկոլից ուզեք։ Շատ տգեղ բան են անում, փորձում են իրենց կատարած ձախողումը կոծկել և մարդկանց այդ ցավի վրա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Շատ տգեղ էր, բայց տեսաք, որ 20 հոգի մարդ էր ընդամենը, այստեղ՝ հանդիպման դահլիճում,  30 անգամ ավելի շատ մարդ կար, քան նրանք, ովքեր ճանապարհ էին փակել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենք բազմաթիվ անգամներ հանդիպել են նաև գերիներ ունեցող ընտանիքների հետ, ներկայացրել են այս ամենը և ասել, որ սխալ հասցեատեր են ընտրել՝ այս իշխանությունները ցույց տվեցին, որ ձախողել են, չեն կարողանում այդ հարցը լուծել։

Նրա բնորոշմամաբ՝ պարզ տրամաբանություն է, եթե զիջեցիր բոլոր այն տարածքները, որտեղ թուրքը չէր մտել, ապա ինչպե՞ս պետք է ճնշում բանեցնես, որ գերիներին վերադարձնեն։

«Իրենք իրենց հնարավորությունը բաց թողեցին կա՛մ դավաճանության, կա՛մ կատարյալ ապիկարության հետևանքով»,-ասաց Արթուր Խաչատրյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․