Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառների ու հետևանքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց տեսակետները հայտնեցին մտավորականները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` ինչպես դեպքի առաջին օրերին, այնպես էլ հիմա, անորոշություն կա` ո՞վ է կազմակերպել, ի՞նչ պատճառներ կան: Ըստ նրա` լավ է, որ Հայաստանի ԱԳՆ-ն արագ արձագանքեց և հայտարարությամբ հանդես եկավ, սակայն նման դեպքերից զերծ մնալու համար անհրաժեշտ է քաղաքականություն մշակել տարբեր երկրներում հայ համայնքների հետ աշխատանքներ տանելիս:
«Մենք Սփյուռք ունենք տարբեր երկրներում, և մեր պատկան մարմինները արտերկիր մեկնողներին պետք է ինֆորմացիա տան` ո՞ւր են գնում, ի՞նչ մշակույթի են առնչվելու, և այստեղից նաև հարց է առաջանում` արդյո՞ք մեր` դրսում գտնվող համայնքների հետ աշխատանքները բավարար են: Մենք անգամ մոտավոր չգիտենք` քանի հայ է ապրում Ղազախստանում: Սա արտառոց մի բան է: Այս իմաստով մենք շատ բացթողումներ ունենք»,- ասաց Միլիտոնյանը:
Նա նշեց նաև, որ կոնկրետ այս դեպքում հետագա շահարկումներ կարող են լինել նաև ադրբեջանցիների կողմից: Ըստ Միլիտոնյանի` Ադրբեջանը ծրագրով գործող պետություն է և նպատակ ունի հայերի նկատմամբ անել այն, ինչ իրեն է ձեռնտու: «Այս առումով` մենք շատ միամիտ ենք և մեր աչքերով ենք նայում իրադարձություններին: Մյուս կողմից` բոլոր տեղերում էլ միգրանտների նկատմամբ ծայրահեղ վերաբերմունք կա, և մեր խնդիրն է չընկնել սոցցանցային ջղաձիգ խաղերի մեջ: Արդեն իսկ պարզ է, որ Կարագանդայում տեղի ունեցածն ազգամիջյան կամ կրոնական պատճառներ չունի: Եկեք մեր պատկան մարմիններին վստահենք, և նրանք իրենց քայլերով կանեն ամեն ինչ: Նման դեպքերից հետո հաճախ է լինում, որ մարդկանց փսիխոզի երևույթ է բռնում, ինչպես Սումգայիթում եղավ, և ագրեսիա են դրսևորում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ծեծկռտուքին հաջորդած` ղազախների բողոքի ակցիային, ապա, Միլիտոնյանի հավաստմամբ, այն պետական բնույթ չէր կրում, ուղղակի ջղաձիգ արձագանք էր: «Ատելության քարոզը ո'չ մեզ, ո'չ էլ որևէ մի ժողովրդի «տաճար չի տանում»: Սակայն մենք սթափվելու մեծ կարիք ունենք, քանի որ շատ ենք ինքներս մեզ փառաբանում և չենք ուզում աշխարհը ճանաչել: Պետք է ինքներս մեզ նախ ճանաչենք, ինչի պակասը մեզ մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում»,- կարծիք հայտնեց նա:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով էլ` դեպքը տխուր իրողություն է, սակայն նման դեպքեր տեղի են ունենում ամեն օր և բոլոր երկրներում: Ըստ նրա` եղածն ընդամենը կենցաղային բախում է, և կրքերը բորբոքվել են, քանի որ մահացողը տեղացի է: «Միջադեպին պետք է օրինական լուծում տրվի, և եթե երիտասարդին սպանողը հայ է ու նրան այնտեղ` Ղազախստանում, բանտարկեն, նրան այլևս այնտեղից դուրս բերել չի լինի: Սակայն միջադեպը նաև տխուր ազդանշան է, որ ինչքան էլ Ղազախստանում ապրող հայերը Ղազախստանի համար լավ են աշխատել, միևնույն է, յուրաքանչյուրը պետք է ապրի իր հայրենիքում, այսինքն` ժամանակն է, որ այնտեղի հայերն էլ վերադառնան հայրենիք»,- ասաց նա:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով էլ` նման դեպքեր տեղի են ունենում երկու պատճառով. մեկն այն է, որ ազգը նոր է ձևավորվում, և նման դեպքերի «միջոցով» թշնամիներ են ձևավորում, կամ էլ` երբ ինչ-որ մի ազգ պատերազմի ժամանակ որոշակի կորուստներ է կրել: Ըստ Բաբայանի` մեր հայրենակիցների մի մասը, որ ապրում է նախկին սովետական երկրներում, շարունակում է ապրել Սովետական միությունում, համենայն դեպս, նրանց այդպես է թվում: «Նման երկրներում ապրելով` հաճախ մոռանում են, որ յուրաքանչյուրն ունի իր ազգային մենթալիտետը, և եթե դու այդտեղ հյուր ես, պետք է բոլոր օրենքները պահպանես: Մյուս կողմից` մենք այն ռեսուրսը չունենք, որ կոչ անենք բոլորին` հետ վերադառնալ հայրենիք, քանի որ նախ անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել: Հեղափոխության օրերին էլ բազմաթիվ մարդիկ եկան Հայաստան, սակայն հիմա շատերը հետ են գնում, քանի որ աշխատանք չունեն այստեղ, այսինքն` ամեն կոչ պետք է հիմնավորված լինի աշխատանքով»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` հիմա, մանավանդ լրատվական դաշտում, պատերազմ է գնում, իսկ պատերազմը մեծագույն անբարոյականություն է, որի ընթացքում որևէ բարոյական պահանջ ներկայացնել հնարավոր չէ. ով ավելի անբարոյական է, նա ավելի շուտ է հաղթում: «Մենք ասում ենք, որ ղազախները հայերին միշտ լավ են ընդունել, սակայն, որպես պետություն, Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին և բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Պարզ է, որ Ղազախստանը խնդիր ունի, որպեսզի այդ մոտեցումը սնվի նաև «տակից»` ժողովրդի կողմից` հայերին թշնամի սարքելով: Առհասարակ, ատում են նրան, ում չեն ճանաչում»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` քանի որ քննություն է տարվում, դժվար է ասել` ով է մեղավոր սպանության և ծեծկռտուքի համար, սակայն այն, որ մենք` հայերս էլ, դրսում փորձում ենք ապրել գողական, կիսագողական մշակույթով, ոստիկանություն կանչելու փոխարեն ծեծկռտուքի մեջ մտնելով, ուրեմն պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Բաբայանի հավաստմամբ` ցանկացած երկրում կարելի է մնալ մարդ, լինել ազնվական, սակայն կարելի է լինել և խուժան: «Ատելությունով որևէ բան չես ստեղծի: Ազգերն իրար հետ լեզու են գտնում մշակույթի, առևտրի միջոցով, և նման կամուրջներ է պետք կառուցել, և այստեղ պետական քաղաքականությունը մեծ նշանակություն ունի: Եկեք անկեղծ խոսենք` մենք էլ շատ քիչ գիտենք մեր մշակույթի մասին, քանի՞ հաղորդում եք լսել ղազախների, ուզբեկների մասին, ի՞նչ է` ազգ չե՞ն, պատմություն, մշակույթ չունե՞ն: Սա համատարած հիվանդություն է, և այն, ինչով տառապում են այնտեղ, կա նաև մեզ մոտ: Իրար ճանաչել և սիրել է պետք, ինչպես նաև կամուրջներ ստեղծել, և այդ դեպքում ատելությունը կվերանա»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ ում հարգում և ում մշակույթը ճանաչում ես, նրա վրա ձեռք չես բարձրացնում:
Հիշեցնենք, որ Ղազախստանում ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ տղամարդկանց միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ մեկ մարդ դանակի վնասվածքից մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել: Միջադեպից հետո երեք մարդ կալանավորվել է 2 ամսով, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Կարագանդայի ղեկավարը հայտարարել է, որ կատարվածը բախում է եղել երկու խմբի միջև և ազգամիջյան հակամարտության բնույթ չունի: