կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 16:36
Հասարակություն

Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային աղբավայր

Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային աղբավայր

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի և Նուրաբաշենի գործող աղբավայրերը: Վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը լրանում է 2018 թ. դեկտեմբերի 11-ին:

Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն` վարկային համաձայնագրի շրջանակում մրցույթային փաթեթի պատրաստման, վերանայման և հաստատման ժամկետների երկարաձգմամբ պայմանավորված, առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով:

Ընդ որում` նմանատիպ մրցույթները կարող են տևել վեց ամսից մինչև մեկ տարի, որոնց ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր, և նա վեց ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման ու երկու հին աղբավայրերի փակման նախագծերը:

Վերջնական նախագծի հաստատումից և համապատասխան ՇՄԱԳ-երի մշակումից ու հաստատումից հետո միայն կմեկնարկեն նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման աշխատանքները, որոնց տևողությունը երկու տարի է: Ըստ այդմ՝ ծրագրի անխափան իրականացման նպատակով նախատեսվում է վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2021թ. հուլիսի 1-ը: