կարևոր
1483 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-15 13:32
Հասարակություն

Թումանյանի թանգարանը՝ աղբավայր բաց երկնքի տակ

Թումանյանի թանգարանը՝ աղբավայր բաց երկնքի տակ

Հովհաննես Թումանյանի թանգարանից քամոտ եղանակին, ուժեղ փոշի է բարձրանում։ Շենքի հարևանությամբ բնակվողները դժգոհում են փոշուց, շինարարական աղբից, որը երկու տարի չի հեռացվում թանգարանի տարածքից։ Թանգարանը Երևանի կենտրոնում է՝ Մոսկովյան 40 հասցեում, գրում է mediafactory.am-ը։

Գլխավոր մասնաշենքը 2023 թ-ի նոյեմբերից կողպված է, իսկ երկրորդը՝ կիսաքանդ վիճակում է։ Թանգարանի ցուցանմուշները անժամկետ «ապաստանել են» այլ թանգարաններում։

Թումանյանի թանգարանի երկրորդ մասնաշենքի վերակառուցման փաստաթղթերում առկա են չհստակեցված կետեր՝ կապված գործընթացի տարբեր փուլերում բացթողումների հետ։

Վերակառուցման ձախողված փորձ

Թումանյանի թանգարանը վերակառուցելու և թանգարան-ինստիտուտ դարձնելու գաղափարը ծնվել է նախորդ տասնամյակում, բայց Թանգարանի տնօրինությունը նախ որոշել է շենքային պայմանները բարելավել՝ սեյսմիկ և կառուցվածքային պահանջներին համապատասխանեցնել և 2019-ին դիմել է ԿԳՄՍ նախարարություն։

Սեյսմիկ փորձաքննությունն իրականացրել է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն։ Փորձաքննութան եզրակացությունները ձեռք է բերել նախագծող «Էմ Ջի Դիզայն» ընկերությունը, որն ընտրվել է «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մրցույթի արդյունքում։ Այդ շրջանում թանգարանը բնականոն գործել է։ Նախկին տնօրեն Անի Եղիազարյան ասում է, որ սեյսմիկ ուսումնասիրությունների ընթացքում բանավոր դիմել է նախագծող կազմակերպությանը․

«Էդ պատի մի կողմում «Լոռվա ձոր» պատկերն էր, մյուս կողմում՝ պատի ողջ երկայնքով, վերից վար շարված դարակները։ Էդ ժամանակ թանգարանն իր բնական ռիթմով աշխատում էր։ Խնդիրն այն էր, որ «Լոռվա ձոր» պատկերը Թումանյանի աղջկա՝ Թամարի մտահղացումն էր եղել, երբ ինքը դեռ տնօրեն էր։ Իմ խնդրանքն էր եղել, որ եթե հնարավոր է, այդ հատվածի համար այլ ինժեներական լուծումներ գտնեն ու այդ հատվածը պահպանեն»։

Ի սկզբանե՝ նախագծով նախատեսված է եղել շենքի ամրակայում, սակայն նոյեմբերին, քանդման աշխատանքների ընթացքում, պարզվել է, որ պատը հնարավոր չի լինի պահպանել։ Բացի այդ, նախկին տնօրենի խոսքով՝ հաշվարկների ընթացքում պարզվել է, որ ամրակայումը նախատեսվածից ավելի ֆինանսներ է պահանջում, և շենքն ամբողջությամբ քանդելն ու նորից կառուցելն ավելի ձեռնտու կլինի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։