կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 18:20
Հասարակություն

Մի անգամ Նուբարաշենում

Մի անգամ Նուբարաշենում

 

Քաղաքի կենտրոնից Նուբարաշեն հասնելու համար հարկավոր է մոտավորապես 15 րոպե ժամանակ  (եթե տաքիսով` 3000 դրամ գումար): Իսկ ի՞նչ կարելի տեսնել այնտեղ, որտեղ թափվում է քաղաքի ամբողջ աղբը, կամ ի՞նչ օդ կարելի է շնչել...

Այս ամենին, իհարկե, կարելի մոտենալ այլ տեսանկյունից` փորձելով  ուսումնասիրել ոչ թե տեղանքը, այլ այնտեղ «լուրջ գործով» զբաղված մարդկանց:

Առաջինը, որ լսեցի աղբի մեջ ինչ-որ բան փնտրող մարդկանցից հետևյալն էր. «Ախպերս հո մեզ չես նկարում»: Ասողը կարճահասակ և դեմքի ուրախ արտահայտությամբ, 30-ին մոտ մի երիտասարդ էր, որը նկարահանման ողջ ընթացքում չբացակայեց կողքիցս և ամեն անգամ մատնացույց էր անում, թե ում կամ ինչ նկարեմ:

Հիմա կմտածեք, որ Նուբարաշենում բոլորը բարի են (ես նույնպես սկզբում այդպես մտածեցի), սակայն երբ տեսախցիկով մոտեցա աղբը քրքրող մեկին, ով այդտեղ էր եկել սեփական մեքենայով, միանգամից կոպիտ հնչեց. «Մի' նկարի»: Ես իսկույն անջատեցի տեսախցիկը և փորձեցի բացատրել, թե ով եմ: Այս անգամ լսեցի. «Մեր նման տղերքը հո էս գործին չեն էղե, բայց բան չմնաց, հեսա մի քանի ամսից թռնում եմ...»:  Սևացած դեմքով տղամարդը երկար-բարակ պատմեց իր պատմությունը, վերջում էլ սպառնալից հայացքով և խոսքերով հասկացրեց, որ իր մեքենայի կադրերը ջնջեմ:

Ուղեկցիս հետ շարունակեցի շրջել Հայաստանի ամենամեծ աղբանոցով:

Շուտով հանդիպեցի շիշ հավաքողների խմբի, որոնք նույնպես չուրախացան` տեսախցիկ տեսնելով:

Երկնքում երևացին ճայերը. պարզվում է` այդ թռչուններն այնքան էլ կապված չեն ջրի հետ (չգիտեմ այլապես ինչպես բացատրել նրանց ներկայությունը):

Իսկ վերջում, երբ արդեն վերադառնում էի, հանդիպեցի մի մարդու, որն ինձ հարցրեց. «Ախպեր էտ մանկավարժականի առաջին կուրսերը բան չունե՞ն անելու»: Ես զարմացած նայեցի նրան, նա շարունակեց. «Ինչքան առաջին կուրսեցի կա գալիս ա Սովետաշենի մասին բան գրելու, հո ըտենց չի ըլնի, չեն թողում գործ անենք...»:

Կուշտ ծիծաղելով` դուրս եկա աղբանոցի տարածքից և վերադարձի ճանապարհին մեր սիրելի քաղաքամայրը աչքիս փայլում էր իր մաքրությամբ...  

Ռազմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ