կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 10:43
Քաղաքական

Ինչու է այդքան խոսվում բանակի մասին. «Հայոց աշխարհ»

Ինչու է այդքան խոսվում բանակի մասին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է.«Շուտով ավարտվելիք «բլից»-քարոզարշավի առնվազն մեկնարկային օրերին Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն անդրադառնում էր բանակի, զինված ուժերի խնդրին: 

   Եթե լսես միայն իր ասածները, կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր բանակը, մեր զինվորները ցնցոտիներ են հագնում, թերսնված են, եթե ոչ սոված, առհասարակ խիստ վատ են զինված, սպառազինությունն էլ... հնոտի է: Դե, էլ չենք հիշատակում թալանի թեմայով ընդհանրական հայտարարությունները։ 

   Ինչո՞ւ է շարունակ խոսվում բանակի մասին, այն էլ՝ նման տոնայնությամբ: Ինչո՞ւ է այդքան հետեւողականորեն փորձ արվում վերահաստատել իրենց իսկ շրջանառած դրույթը, թե մեր բանակը ապրիլյան պատերազմի շրջանում իբր պարտվել է: 
   Հարկավ դա բազմաշերտ թեմա է, ու նման հրապարակային վարքը, մանավանդ գործող իշխանության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեպքում մի քանի զուգահեռ շարժառիթ ու նպատակ է հետապնդում: Դրանցից մեկը, ինչ խոսք, հանրային ընկալման մեջ այն մոտեցումն ամրագրելն է, թե ամեն ինչ խայտառակ վատ էր, իրենք եկան եւ արդեն ամեն ինչ հրաշալի է, իսկ ինչն էլ հրաշալի չէ, անցյալի վերապրուկ է: 

   Իսկ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը մեկ այլ տեսանկյունից է այս ամենը գնահատում: Մասնավորապես Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ ու սահմանապահ Մովսես (Մոսեսգեղ) եւ Զորական գյուղերում ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում անդրադառնալով այդ թեմային, նա նկատեց. «Իրականում մենք ունենք բավական ուժեղ բանակ: Մենք ունենք բանակ, որը զինված է այնպիսի սպառազինությամբ, որ շատ ավելի մեծ երկրների զինված ուժեր կարող է չունենան: Եվ դա տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունք է: 
   Բանակի հետ կապված խոսակցությունների տակ, վախենամ, այլ բան է: 

   Հիմա նոր իշխանություններ են, իրենք փորձում են ցույց տալ, թե իբր շատ ծանր, վատ ժառանգություն են ստացել, թույլ բանակ են ստացել, որպեսզի եթե Աստված ոչ անի, վաղը խնդիրներ ունենան, դրանով կարողանան հիմնավորել, պատճառաբանել: 
   Մեր բանակը հաղթական բանակ է: Այդպիսին է եղել 20 տարի առաջ, այդպիսին է հիմա: Ապրիլյան պատերազմի օրերին մեր բանակն իրեն պահել եւ դրսեւորել է փայլուն: Փայլուն: Ե՛վ զինվորը, ե՛ւ սպան: 

   Որ ասում են՝ զինվորն է պահել, սպան կապ չունի, նման բան բանակում չի լինում: Ուղղակի չի՛ լինում, որովհետեւ խնդիրը լուծելու համար ամբողջական պատկեր է պետք, իսկ այդ ամբողջական պատկերը կարող է ունենալ հրամանատարը, սպան: Զինվորը որքան էլ խիզախ լինի, ինքը, իր խիզախությունն ամբողջական պատկերի մասն են կազմում»:

   Արժե, իհարկե, ավելին էլ ասել, այն, ինչն ակնհայտ է, բայց ինչը որոշակի նախկին ընդդիմադիր, հիմա էլ՝ իշխանավոր դարձած անձինք համառորեն չեն ուզում տեսնել, ընկալել: 

   Եթե մենք թերսնված, թերզինված, անգամ, կներեք, վարտիք չունեցող բանակ ունենայինք, ապա այն հազիվ թե կարողանար միմիայն մերձճակատային ու դիրքապահ ուժերով մեկ-երկու ժամ դիմակայել թշնամու մանրակրկիտ մշակված, էշելոնավորված հարձակմանը: 
   Ավելին՝ եթե մեր բանակը չլիներ մեխանիզմի պես գործող, ամեն մեկը իր տեղն ու անելիքը իմացող պատրաստված զինվորականներից կազմված ուժ, ապա այն այդքան արագ չէր անցնի հակազդման գործողությունների, որոնք թշնամուն ստիպեցին հրադադար խնդրել, էլ ավելին, հետպատերազմյան խիստ կարճ ժամանակահատվածում մեր բանակը չէր կարողանա սպառազինության ու տեսադիտարկման սարքավորումների համատարած ներդրման գործողությունն այնպես իրականացնել, որ հակառակորդն արագորեն հրաժարվեր դիվերսանտական մարտավարությունից:

   Ի վերջո, մեր բանակը, այո, ցավալի զոհերի գնով, այո՝ կոնկրետ զինվորների ու կոնկրետ սպաների անձնազոհության, արյան ու կյանքի գնով իսկապես պատվով ու անմնացորդ կատարել է իր պարտքը, լուծել է իր առջեւ դրված մարտական խնդիրը: Այդ ամենի հանրագումարում է, որ հակառակորդը չի կարողացել մեզ ինչ-որ պայմաններ թելադրել, որ բանակցային գործընթաց ասվածում մենք չենք խեղճացել որպես պետություն: 

   Ի դեպ, պակաս կարեւոր չէ նաեւ, թե ովքե՞ր, ի՞նչ շրջանակներ են շարունակ մեր բանակի մասին խոսում նսեմացնող բնույթի արտահայտություններով»: 

Մանրամսները` թերթի այսօրվա համարում: