կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 16:11
Քաղաքական

Բոլոր փաստաթղթերում խոսվում է ազատագրված տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, բայց ոչ` ամբողջ բնակչության, հայերի. Ալավերդյան

Բոլոր փաստաթղթերում խոսվում է ազատագրված տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, բայց ոչ` ամբողջ բնակչության, հայերի. Ալավերդյան

Կան բուռն զարգացումներ, որոնք անպայման չէ, որ հասու լինեն լայն հասարակությանը, այսինքն՝ ԼՂ խնդրի դաշտում կարող են լինել այնպիսի շերտեր, որոնք պարտադիր չէի, որ հայտնի լինեն լայն հանրությանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Իսկ վերաբերում է անհանգստություններին, որոնք առկա են և՛ փորձագետների շրջանում, և՛ շահագրգիռ կողմերի, դա այն է, որ արտահայտվող թեզերը շատ հակասական են՝ մի կողմից վարչապետի շուրթերից, մյուս կողմից՝ նրա խոսնակի, վերին աստիճանի ակտիվացած ՀԱԿ-ի գործիչների: ՀԱԿ-ի ակտիվացումը մեզ հուշում է միայն մի բան՝ խոսքն այն տարբերակի մասին է, որով հանդես են եկել առաջին նախագահը և նրա թիմակիցները: 2017-ին այդ ուժը մերժվեց հենց այս պատճառով, հստակեցնենք՝ 2008-ին հանրությունն ուշադրություն չէր դարձնում, թե Արցախի հարցով առաջին նախագահն ինչ թեզերով է հանդես գալիս, մինչդեռ 2017-ին մերժվեց այդպիսի մոտեցումը: Եվ երբ այսօր վարչապետի թիմը, պատեհ կամ անպատեհ, լրացվում  է այն  անձերով, որոնք եղել և մնում են հավատարիմ առաջին նախագահի մոտեցումներին, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս: Լևոն Զուրաբյանի արտահայտությունը, որ պետք է պատրաստվել զիջման, և երբ նույն մեղեդին հնչում է վարչապետի խոսնակի կողմից, դա արդեն անհանգստացնում է»,- շեշտեց Ալավերդյանը՝ հավելելով, որ արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ-ում նոր իշխանություններ են, բայց Արցախի խնդիրը սխալ հունից հանելու ոչ մի բան չի արվել:

Արցախի հարցով փորձագետը հույս ուներ, որ ՄԱԿ-ում  վարչապետի ելույթից հետո, թե Արցախի ինքնորոշումը ցեղասպանության վտանգի ներքո է կայացել, և մեկ այլ հայտարարությունից հետո, որ նոր իշխանությունները չեն կրում պատասխանատվություն նախկին իշխանությունների արած քայլերի համար, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ պատասխանատվություն չի կրում Մադրիդյան սկզբունքների և դրանից բխող առաջարկությունների համար, մինչդեռ դա տեղի չունեցավ: 2018-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր հնարավորություն ուներ ասելու, որ մերժում է ցանկացած նահանջողական թեզ, որն այս տարիներին առաջարկվել է:

«Չկա Արցախի հարց, կա Արցախի պատասխան, իսկ տարածաշրջանում գոյություն ունի Ադրբեջանի խնդիրը, որը սկսել և շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը` դրանով իսկ իրեն հակադրելով միջազգային նորմերին և իրավունքներին: Ահա այս հիմքով ո'չ նախկինները, ո'չ էլ նորերը հանդես չեն եկել»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հիշելով, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իրեն մի առիթով ասել է՝ դա ձեր փորձագիտական կարծիքն է, ցույց տվեք, որ պաշտոնական մակարդակում նման փաստարկներ կան:

Մյուս կողմից` Ալավերդյանը վստահ է՝ ոչ ոք չի կարող սասանել Արցախի տարածքային ամբողջականությունը, քանի որ նրա կայացումը եղել է անթերի: «Ես տարիներ շարունակ կոչ եմ արել, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի իշխանությունների լեգիտիմությունը և Արցախի կայացման օրինականությունը, որով վերջ կդրվեր Արցախի խնդրի լուծման տարբեր սցենարներին: Սա չի արվել, ուստի գտնում եմ, որ, խեղաթյուրելով «խաղաղություն» եզրույթը, հնարավոր է` ամենաթանկ գինը վճարենք: Արցախը չի պատկանում Ադրբեջանին միջազգային իրավունքի տեսանկյունից, ես սա չեմ լսել, ուստի ամեն անգամ նաև այս ճշմարտության համար թանկ գին ենք վճարում»,-ընդգծեց նա՝ պնդելով, որ Արցախի հարցն ամբողջ հայության հարցն է, և որ ներկա խաղաղությունը բարձր արժեք է, բայց պետք է աշխատել Արցախի խնդիրն իրական դաշտ բերելու ուղղությամբ:

Ալավերդյանը նաև շեշտեց՝  Ադրբեջանում ժողովուրդը որոշիչ ձայն չունի, այնտեղ որոշում է քաղաքական էլիտան, մինչդեռ Հայաստանում ժողովուրդն ազդեցություն ունի  Արցախի արցում, բայց ժողովրդին պետք է ներկայացնել այն, ինչ կա, քանի որ նրանք կարող է չիմանան, թե ինչ է կատարվում: 

Yerkir.am-ի հարցին՝ վերջերս ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել էր, որ «ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները չեն խոսում Մադրիդյան սկզբունքների մասին, ինչից էլ կարելի է համապատասխան եզրակացության հանգել», իսկ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր,  որ «այն, ինչ նախկին իշխանություններին է առաջարկվել, այլևս ուժի մեջ չէ», Ալավերդյանը պատասխանեց. «Վլադիմիր Կարապետյանն ինձ համար հեղինակություն չէ, քանի որ ես գիտեմ նրա մոտեցումները, որոնք ամբողջովին համընկնում է առաջին նախագահի մոտեցումներին: Երկրորդ՝   թող այսօր ասեն, թե բանակցային սեղանին ի՞նչ կա, բացի Մադրիդյան սկզբունքներից, կամ արդյո՞ք համանախագահներն ասել են, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս արդիական չեն: Մադրիդյան սկզբունքները Վարդան Օսկանյանը համարում էր իր ամենամեծ նվաճումը, որոնք մշակվել են դեռ առաջին նախագահի օրոք և ի հայտ են եկել 2007-ին, այնպես չէ, որ մեկ օրում է սա արվել: Եվ այդ նույն ուժերը շարունակում են պարծենալ, որի ներկայացուցիչը  Վլադիմիր Կարապետյանն է»:

Մեր հաջորդ հարցադրմանը, որ Ադրբեջանն ակտիվացրել է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի թեման, արդյո՞ք մենք դրան համարժեք պատասխան կամ քայլ ունենք, փորձագետը պատասխանեց, որ այստեղ մանրակրկիտ ուսումնասիրություն է պետք, մի բան հստակ է՝  Ադրբեջանը գործել է գրագետ:

«Սա չի հակասում այդ նույն Մադրիդյան սկզբունքներին, իսկ հայկական կողմի դեպքում և՛ Մադրիդյան սկզբունքներում, և՛ մյուս տեղերից հանված է հայ փախստականների հարցը, մինչդեռ կես միլիոն մարդ է փախստական դարձել, ասես այդ կես միլիոն փախստականը ծառերի վրա են ապրել, չեն ունեցել այն իրավունքներն Ադրբեջանի նկատմամբ, որոնց հետո դուրս են մղել: Ադրբեջանցիներն օգտվում են հայկական կողմի անգրագիտությունից և անտեղյակությունից: Այսօր Ադրբեջանից հայ փախստականները որպես որևէ սուբյեկտ չեն ճանաչվում, այդ կես միլիոնը, որոնք կերտողն էին Ադրբեջանի: Այս մասին ՀՀ-ի իշխանությունները չեն խոսել բանակցություններում: Բոլոր փաստաթղթերում նշված է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան ազատագրված տարածքները, իսկ հայե՞րը. Աղդամում, Քարվաճառում, բոլոր մեծ ու փոքր քաղաքներում հայեր էին ապրում, ինչո՞ւ չեն գրում` ամբողջ բնակչությունը պիտի վերադառնա, այլ միայն` ադրբեջանական, և սա եղել է հայկական կողմի թույլտվությամբ: Կամ` ո՞վ է ՀՀ-ում խոսում Շամխորի մասին՝ որպես հայկական բնօրրանի, Քարհատի, Հյուսիսային Արցախի. սրանք իշխանությունները մոռացության են տվել»:

Մեր մյուս հարցին՝ արդյոք վտանգահարո՞ւյց են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները` առանց ԵԱՀԿ ՄԽ-ի մասնակցության, կամ եթե դրանք շարունակվեն այդ ձևաչափով, Ալավերդյանն ասաց, որ միակ մտահոգությունը վերաբերում է նրան, թե չգիտենք ինչ են խոսում, երկրորդ՝ հայկական կողմը չի տիրապետում ամբողջ փաթեթին՝ իրավական, փաստական:

«Մենք ասում ենք՝ ՀՀ-ն բանակցային կողմ է, ճանաչված է որպես Արցախի անվտանգության և շահերի երաշխավոր, ուստի չի կարող դուրս գալ, այլ հարց է, որ հակամարտության կողմ չէ: Հիմա սա կարող է չհասկանան: Երկրորդ՝ այն, ինչ կարելի է դիվանագետներին, մյուսներին չի կարելի: Դիվանագիտական բանակցություններն ու հանդիպումներն ուրիշ ոճի մեջ են, ըստ այդմ՝ Զոհրաբ Մնացականյանը կարող է խոսել խաղաղությունից, բայց մյուսները չպետք է, չհասկանալով դա, կրկնեն, քանի որ այլ իմաստ է ստանում: Մենք պետք է հասկանանք՝ ամեն մեկն իր ոճը, լեզուն ունի»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը: