կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 14:09
Քաղաքական

Չի կարելի այդպես հարձակվել այն մարդկանց վրա, որոնք ազատամարտով են անցել. Արմեն Ռուստամյան

Չի կարելի այդպես հարձակվել այն մարդկանց վրա, որոնք ազատամարտով են անցել. Արմեն Ռուստամյան

Տեղեկացրել էինք, որ երեկ Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացրել:

«Արցախի հարցը միշտ էլ բոլոր քաղաքական ուժերի օրակարգում է եղել, բայց քարոզարշավի ժամանակ հարցը սրվեց, քանի որ երկու հայտարարություն արվեց, որն ուղղակի ապշեցրեց մարդկանց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Արցախյան հիմնահարցը բերվել քարոզարշավի կիզակետ:

Նա նշեց, որ խոսքը նախ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին էր, թե ապրիլյան հաղթանակն ավելի կարևոր էր, քան ազատամարտը: Սա, Ռուստամյանի խոսքով, անհեթեթություն է: «Ինչպե՞ս կարելի է ազատամարտն անցած մարդը նման հայտարարություն անել: Մյուս հայտարարությունն էլ Փաշինյանն արեց` ասելով, որ, իր զավակից բացի, նախորդ ղեկավարներից որևէ մեկի զավակը չի ծառայել Հայոց բանակում: Մարդիկ էլ սկսեցին պարզաբանել, որ, ոչ, մեր զավակները ծառայել են: Սա դարձավ միջոց, որպեսզի Փաշինյանը հարձակվի նաև այս մարդկանց վրա, թե` ո՞նց եք դուք համարձակվում իմ ասածները հակաճառել: Այսինքն` մյուսներն իրավունք չունե՞ն ասելու, որ` իմ զավակները ծառայել են բանակում, և եթե ասում են, ստացվում է` դուրս են գալիս Փաշինյանի դե՞մ»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ո՞ւմ տղաներն են ծառայել Հայոց բանակում, Ռուստամյանը պատասխանեց, որ նախորդ բոլոր նախագահներն արդեն հայտարարել են, որ իրենց տղաները ծառայել են: «Հիմա ինչպե՞ս կարելի է հայտարարել` միայն իմ որդին է ծառայում: Բռավո: Փառք ու պատիվ, որ Ձեր որդին ծառայում է, բայց պետք չէ այդ մասին անընդհատ կրկնել»,- ասաց նա:

Անդրադառնալով Հրանտ Մարգարյանի հայտարարությանը` Ռուստամյանը նշեց, որ ոչ թե պետք է իմանանք, թե ինչ է մեզ առաջարկվում, դա մեզ ընդունելի կլինի՞, թե՞ ոչ, ու նոր գանք ժողովրդին հարցնենք` ուզո՞ւմ եք այս ճանապարհով գնանք, այլ պետք է հստակ գիտակցենք, որ ժողովուրդն արդեն ասել է, թե ինչ է ուզում: «Արցախի ժողովուրդն իր հանրաքվեով` 175-րդ հոդվածով, ասել է` ինչպես է պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Հրանտ Մարգարյանն էլ սա է ասում, որ հստակ են սահմանները, հստակ է` ինչ պետք է անենք Ղարաբաղի հարցի լուծման առումով, որպեսզի բավարարենք ժողովրդի կամքը: Այդ կամքն արդեն հայտնի է` այդ կամքով առաջնորդելո՞ւ եք, թե՞ ոչ, այս մասին պետք է խոսել»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե Փաշինյանը միայն ասում էր, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, Ռուստամյանն արձագանքեց` իսկ դրան ո՞վ է դեմ: «Փաշինյանի հետ Ղարաբաղի շուրջ խոսակցությունը, որ տարել ենք սկզբում, ընդգրկել է 5 կետ, որոնցից մեկն էլ եղել է Ղարաբաղը բանակցային դաշտ բերելը: Այդտեղ իսկապես գոհացնող պատասխաններ ենք լսել Փաշինյանից, և դրան վերաբերվել ենք, որ պետք է առաջնորդվենք հենց այնպես, ինչպես Ղարաբաղի ժողովուրդն է որոշել: Բացի այդ` պետք է ամեն ինչ անել` բանակցություններն իրական դարձնելու համար, որպեսզի դրանց մասնակցի Ղարաբաղը դրանց: Այս հարցում մենք որևէ խնդիր չունենք»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` քայլերը, որոնք ստվեր են գցում ազատամարտի վրա, առաջացնում ջղաձիգ շարժումներ, երբ մարդիկ ուզում են պաշտպանել ազատամարտը, մտահոգում են իրենց: Ըստ նրա` չի կարելի այդպես հարձակվել այն մարդկանց վրա, որոնք ազատամարտով անցել են ու, բնականաբար, պաշտպանում են ազատամարտը:

Մեկ այլ հարցի, թե Փաշինյանն ասում է, որ նրանք են դավաճանները, ովքեր հայտարարում են, որ ինքը պատրաստվում է հող հանձնել, արդյո՞ք Ռուստամյանը Փաշինյանի ելույթներում տեսնում է  հող հանձնելու շեշտադրումներ, ՀՅԴ պատգամավորի թեկնածուն ասաց, որ իրենք կոնկրետ որևէ մեկին անձնական կասկածանք չեն հայտնել: «Մենք ասել ենք, որ կա վտանգ, որը մեզ սպասվում է: Արցախի հետ կապված սպասվում են զարգացումներ: Իրավունք չունե՞նք խոսելու այդ վտանգների մասին, և դա նշանակո՞ւմ է ինչ-որ մեկին կասկածել»,- ասաց նա: