կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 12:52
Քաղաքական

Արցախի կարգավիճակը և անվտանգությունը տարանջատել են, ինչը նշանակում է՝ կարող են լինել այլ երաշխիքներ. Շահնազարյան

Արցախի կարգավիճակը և անվտանգությունը տարանջատել են, ինչը նշանակում է՝ կարող են լինել այլ երաշխիքներ. Շահնազարյան

Այսօր ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը հրավիրած ասուլիսում կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը՝ Արցախի հարցում ներկայիս  իշխանության քաղաքականությունը հիմնված է «Արցախի փոխարեն իշխանություն»  բանաձևի վրա:

«Իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, և շատերին թվում էր, որ դա անփորձությունից է, սակայն ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա նրանց քաղաքականության հերթական քայլերից  էր»,- ասաց նա՝ նշելով, որ գործող իշխանության հավաստիացումները, թե Հայաստանը կպահպանի իր տեղը, բացարձակ սուտ է: «Դեռ օգոստոս ամսից հայտնի էր, որ դա բացառված է»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումները:

«Երբ հունիսի 13-ին եռանախագահողները ժամանեցին Երևան և հանդիպեցին ՀՀ ղեկավարության հետ, դրանից հետո բառ անգամ չկա դրա մասին, և խոսքը գնում է բովանդակության, սուբստանտիվ բանակցությունների մասին: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ և անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար: Սա փաստ է»,- շեշտեց նա:

«Այս դեպքում ինչի՞ մասին են բանակցում, ի՞նչ բովանդակության շուրջ» հարցին Շահնազարյանը պատասխանեց, որ գիտակցաբար, թե անգիտակցաբար Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց՝ մեզ համար կարևոր են ԼՂ-ի կարգավիճակը և անվտանգությունը: «Ներկայիս կառավարության դիրքորոշմամբ` այս երկու հասկացություններն իրարից տարանջատվել են: Սա լուրջ նահանջ է այն դիրքորոշումից, որն ուներ Սերժ Սարգսյանի կառավարությունը: Նախկին դիրքորոշումը սա էր՝ տարածքների դիմաց կարգավիճակ, այսինքն՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որում բոլոր հարցերը պիտի ամրագրված լինեին: Երբ սրանք տարանջատում ենք, նշանակում է, որ, կարգավիճակից բացի, կարող են նաև այլ երաշխիքներ լինել՝ առանց Արցախի միջազգային կարգավիճակի ամրագրման»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա աշխարհում չի գործում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղած անվտանգային համակարգը, և որևէ միջազգային երաշխիք չի կարող ընդունելի լինել, եթե կարգավիճակն  ամրագրված չէ, քանի որ անվտանգությունը հենց կարգավիճակն է:

Ըստ Շահնազարյանի՝ տարանջատել այս երկուսը` նշանակում է համաձայնել բոլոր այն տարբերակներին, որի մասին վերջին ամիսներին խոսում են թե' ՌԴ-ում, թե' ԱՄՆ-ում, թե' Եվրոպայում: «ԱՄՆ նախագահի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձում  ամրագրված է, որ շուտով բանակցություններ են սկսվելու, նաև` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, որ նա արեց Երևանում: Այսինքն՝ բովանդակային բանակցությունները վարվում են այս բանաձևով, որտեղ անվտանգությունը կարգավիճակից տարանջատված է դիտարկվում: Սա նշանակում է՝ շփման գծի փոփոխություն առանց կարգավիճակի ամրագրման: Կրկնում եմ՝ սա ոչ թե մեկ, երկու քայլ նահանջ է, մեծագույն զիջում»,- պնդեց Շահնազարյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ելույթից հետո երկու օր անց  Դուշանբեում տեղի ունեցավ «պատմական» հանդիպումը, որից հետո իշխանությունները հայտարարեցին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել՝  պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը, օպերատիվ կապ հաստատվի: Մինչդեռ այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն իր հերթական խիստ անընդունելի հայտարարություններով  հանդես եկավ:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ, սկսած մայիս ամսից, Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանն առաջ է տվել իր դիրքերը, միաժամանակ հիշեցրեց պաշտպանության նախարարության հաստատումը, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու` իրենց հատվածում:

«Առաջինը՝ չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը, մայիսից սկսած, էապես կրճատվել է»,- ընդգծեց Շահնազարյանը՝ պնդելով, որ Դուշանբեի հանդիպումից հետո այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են կենսունակության ճանապարհներով: 

Նա հավաստիացրեց, որ  Արցախի հետ շփման գծում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը մեծ թափով իրականացնում է շինարարական աշխատանքներ, բլուրների մեծ մասն արդեն պատրաստ է: «Այդ բլուրները շփման գծի ամբողջ երկայնքով են, ավելի մեծ խտություն կա հարթավայրային ռելիեֆներում, 1300 մետր է շփման գծում, բարձրությունը 12-15 մետր է»,- ասաց նա և ցուցադրեց ապացուցող լուսանկարները:

Հիմք ընդունելով ռազմական փորձագետների կարծիքն այս բլուրների մասին՝ Շահնազարյանն ասաց, որ ընդհանրապես նման տիպի շինությունները կրկնակի նշանակություն ունեն՝ պաշտպանվելու և հարձակվելու համար:

«ԼՂ հակամարտության կոնտեքստում, հաշվի առնելով հայկական կողմերի քաղաքականությունը, որ հարձակում չի նախատեսվում, և Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ նոր պատերազմի մասին է խոսում, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակվողական նշանակություն»,- ասաց Շահնազարյանը և նշեց՝ սեպտեմբերի 27-ին կայացած վերելակային հանդիպումից հետո որևէ քննադատական խոսք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասվել:

Ըստ նրա՝  Ադրբեջանին ձեռնտու չէ սահմանին հանգիստ վիճակը, և եթե հակառակորդը մի բան է առաջարկում, նշանակում է` դա ծուղակ է:

«Երկու  հարց կարող էր լինել, որ ՀՀ վարչապետը քննարկեր  Ադրբեջանի նախագահի հետ: Առաջին՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը, երկրորդ՝ ռազմագերիների փոխանակման հարցը»,- հավելեց Շահնազարյանը՝ ասելով. «Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում: Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետևանք է, սա քաղաքականություն է, որի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև  նախկին իշխանությունների օրոք ստորագրված` ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրին, որում ամրագրված են միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնք ստորագրել է ԵՄ-ի 28 երկիր:  

«ԵՄ-ի դիրքորոշումն այն էր, որ Ադրբեջանի հետ պայմանագրում պետք է ամրագրված լինեն այս երեք սկզբունքները: Իսկ հիմա ԵՄ պաշտոնյաները, որոնք համաձայն էին սրան, հիմա ասում են, թե այլ սկզբունքներ են լինելու»,- ասաց նա՝ զգուշացնելով` քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, կարող ենք ինչ-որ բան անել, որ հետո  ԵՄ-ին չմեղադրենք երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: «Գիտեմ, որ չեն փորձելու, քանի որ սա իրենց քաղաքականության մեջ է մտնում»,- նշեց Շահնազարյանը: