կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 12:53
Քաղաքական

Բաքուն պատրաստ չէ պատասխան զիջումների, նա չլուծված հակամարտության կողմնակից է. Կազիմիրով

Բաքուն պատրաստ չէ պատասխան զիջումների, նա չլուծված հակամարտության կողմնակից է. Կազիմիրով

Բոլոր հակամարտություններում կարևոր է զինված դիմակայության դադարեցումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր «Լազարյան ակումբ»-ի նիստում հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ նշելով, որ այս հակամարտության պարագայում կարևորը Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածը երկրորդական է՝ որքան էլ այս կամ այն կողմին կարևոր թվա:

Կազիմիրովը հիշեցրեց, որ Արցախյան հակամարտությունն ունի շատ ավելի երկար նախապատմություն, քան հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունները: Առաջին՝ այն քաղաքական հակամարտությունից վերածվեց ռազմականի և երկու կողմի համար դաժան հետևանքներ ունեցավ:

Դիվանագետը հիշեցրեց, որ, 1991 թվականից սկսած, Ռուսաստանը, որոշ ժամանակ նաև Իրանը միջնորդ դարձան կարգավորման գործընթացում, ապա միացավ Մինսկի խումբը: 

Կազիմիրովը չանտեսեց նաև Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու` 1921 թվականի վիճահարույց որոշումը և այն վերանայելու փորձերը: 

«Երկրորդ առանձնահատկությունը հակամարտության անսովոր  կոնֆիգուրացիան է: Երրորդ՝  մյուս բոլոր հակամարտություններում երկու կողմ կա,  այստեղ՝ երեք, քանի որ ԼՂ-ն ինքն իրեն որպես կողմ և մասնակից է առաջարկել: Ուրախալի է, որ միջնորդները ԼՂ հարցով, ի հեճուկս այլ տարաձայնությունների, համեմատաբար ներդաշնակ են աշխատում»,- շարունակեց նա:

Ըստ Կազիմիրովի՝ բանակցությունները փակուղի են մտնում այն պատճառով, որ կողմերից մեկը՝ Բաքուն, «օկուպացված» տարածքների վերադարձ է պահանջում: «Բաքուն պատրաստ չէ տարածքների դիմաց պատասխան զիջումների, ինչը ենթադրում է՝  Ղարաբաղի ճակատագիր և անվտանգություն: Ըստ այդմ՝ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն փաստացի դառնում է չլուծված հակամարտության կողմնակից»,- նշեց դիվանագետը՝ լրացնելով, որ ՄԽ համանախագահների փորձերը խլանում են Բաքվի դիրքորոշման պատճառով, մինչդեռ Հայաստանի դիրքորոշումը, ըստ էության, պարզ է՝ նա դեմ չէ փոխզիջումների, բայց` պարտադիր բացառելով ուժային լուծումը: