Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 22-25-ը ՌԴ Ստավրոպոլ քաղաքում տեղի է ունեցել «Зимний Доброград-2018» Հյուսիսային Կովկասի կամավորական կազմակերպությունների հավաքը, որին մասնակցել է նաև ԱՀ պատվիրակությունը` ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ:
ՌԴ «Նախագահական դրամաշնորհ»-ով ծրագիրն իրականացնում էին «Ստավրոպոլի մարզի կամավորների շարժումը», Ստավրոպոլի «Творческий союз, Звездный ветер» ԵՀԿ-ն, մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: Հավաքը կամավորության ոլորտում նպատակ ունի իրականացնել հաջողված սոցիալական փորձուսուցումների և փորձի փոխանակման ծրագրեր: Ծրագրին մասնակցում էին Հյուսիս-կովկասյան և ՌԴ Հարավ-դաշնային տարածաշրջանները:
Ծրագրի կրթական հարթակում կազմակերպված սեմինարներն ու թրենինգները կամավորական աշխատանքների ճիշտ կազմակերպման, կամավորների հետ աշխատելու և կամավորական շարժումը զարգացնելու հեռանկարն էին քարոզում:
Մշակութային հարթակը հնարավորություն էր հաղորդակից դառնալու ծրագրին մասնակից բոլոր ազգերի ու ազգությունների մշակույթին, այդ թվում` հայերի: Եվ քանի որ այս տարի լրացել է շարժման ստեղծման 20-րդ տարեդարձը, կազմակերպիչները երաժշտական շնորհավորանքներ էին ստանում հավաքի մասնակիցներից: Շուշիի «Հեղինակային երգի ակումբը» շնորհավորանքներին միացել է երաժշտական ելույթով:
Բանավեճային հարթակում Արցախի Հանրապետությունն առաջին անգամ մասնակցել է որպես առանձին հանրապետություն, որը պաշտոնապես ներկայացնում էր ԱՀ ՄԵՀԶ փոխնախարարը: Ի դեպ, հարթակում բանավիճում էր Ստավրոպոլի մարզի փոխմարզպետը:
Հավաքին մասնակցող Ստավրոպոլի և ՌԴ հարավային թևի սուբյեկտները ներկայացնող 300-ից ավելի ակտիվիստների թվում Արցախի Հանրապետությունը ներկայացել և ներկայացվել էր որպես ինքնուրույն պատվիրակություն: Արցախի` որպես առանձին հանրապետության մասին, խոսվել է բաց: Կատարվել է երիտասարդական ծրագրերի փորձի փոխանակում: Արցախի պատվիրակությունը ոչ միայն փորձի ձեռքբերման ծրագրի էր մասնակցում, նաև փորձի փոխանցման ծրագիր էր ներկայացնում: Կարևոր նվաճում էր նաև Արցախի և մյուս պատվիրակությունների միջև ձևավորվող կապերի ամրապնդումը: Արցախն ինտեգրվեց կամավորական շարժման ուղղությանը, որն ավելի վաղ տեղում նույնպես հռչակվել էր որպես երիտասարդական ծրագրերի գերակա բաղադրիչ:
«Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը, ով նաև ԱրՊՀ դասախոս է, կազմակերպել է թրենինգներ` մարզիչների համար, միաժամանակ մասնակցել համառուսաստանյան գիտափորձնական 6-րդ կոնֆերանսին, որը կայացել է մի շարք միջազգային պատվիրակությունների ընդգրկվածությամբ: «Кавказский узел» կայքէջի առցանց քվեարկման արդյունքում հաղթող է ճանաչվել Ս. Պետրոսյանի «Օգնիր հայրենիքին»ծրագիրը` արժանանալով «Հարավային Կովկասի հերոս-2017» գլխավոր մրցանակին:
Արցախի պատվիրակությունը, ի դեմս փոխնախարար Գ. Գրիգորյանի, իր երախտագիտությունն է հայտնում մանկավարժական գիտությունների թեկնածու Վալերի Վալենտինի Միտրոֆանենկոյին, ով շարժման համակարգողն է և ում ջանքերի շնորհիվ Արցախի 12 հոգանոց խումբը մասնակցել է հավաքին` առաջին անգամ ներկայանալով որպես առանձին հանրապետություն: Փոխնախարարը չմոռացավ շնորհակալություն հայտնել նաև «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ջուլիետա Առստամյանին` կամավորական շարժման կազմակերպիչների և նախարարության պատասխանատուների միջև կապ ստեղծելու համար:
Հավաքի ավարտին որոշվեց, որ հաջորդ հավաքներից մեկն անպայման կանցկացվի Արցախում: