ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը:
«Սա խիստ վտանգավոր, բացարձակ դատապարտելի երևույթ է: Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր:
Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:
Ուստի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները:
Բոլորին կոչ ենք անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել: Առավել ևս դա պարտավոր են կանխել Վարչապետի թեկնածու համարվող գործիչները, այլ ոչ թե հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրարգերը ցույց տալու համար:
ՀՀ ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին», - նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ։