Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Բաքուն այլևս ոչնչի առջեւ կանգ չի առնում` ՀԱՊԿ-ում Հայաստանի գործերը փչացնելու հարցում:
Ադրբեջանական OXU․az կայքին ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի տված հարցազրույցն, ըստ էության, ակնարկ է այն մասին, որ պաշտոնական Բաքուն հոգու խորքում համաձայն է ՀԱՊԿ խաղաղարար ուժեր տեղակայել Արցախի ազատագրված տարածքներում, միայն թե այդ տարածքներից հանվեն հայկական զինված ուժերը:
«Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է եւ երբ վերջանա նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաեւ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է Իգոր Կորոտչենկոն և հավելել, որ դա կլինի ղարաբաղյան հարցի կարգավորման փուլային տարբերակի իրականացման լավագույն ձևը:
Մեզ անշուշտ զարմացրեց ռուս փորձագետի` ՀԱՊԿ-ի «զորավոր» լինելու մասին այս «լավատեսությունը»:
Ճիշտն ասած` մինչ օրս բոլորին հայտնի էր, որ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել կազմակերպության անդամ երկրներից մեկի անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում միայն: Բայց, ահա, պարզվում է, որ ՀԱՊԿ-ն ի զորու է հարցեր լուծել նաև ոչ անդամ Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, մերձբալթյան երկրների համար: Պարոն փորձագետին, ի դեպ, կուզենայի հարցնել` ինչո՞ւ ՀԱՊԿ-ը խաղաղապահներ չի տեղակայում ռուս-ուկրաինական շփման գծում` Ղրիմից մինչև Դոնբաս: Ու մինչև Կորոտչենկոն կմտածի այդ հարցի վրա, տեղեկացնենք, որ ՀԱՊԿ-ին, հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղարար առաքելություն իրականացնելու համար, ամենաքիչը ՄԱԿ-ի համաձայնությունն է պետք, քանզի Հայաստանն ու Ադրբեջանը ոչ ավել, ոչ պակաս, ՄԱԿ-ի անդամ են: Այլ հարց է, որ Ադրբեջանն անգամ ԻՊ գրոհայինների է համաձայն տեղավորել շփման գծում, միայն թե շրջանները վերադարձվեն, բայց ո՞վ թույլ կտա: Նույն Ռուսաստանը թույլ կտա՞, որ ՆԱՏՕ-ի խաղաղապահները տեղակայվեն հայ-ադրբեջանական շփման գծում, միայն թե փուլային «կարգավորումն» իրականություն դառնա:
Փաստորեն մենք գործ ունենք Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հերթական սադրանքի հետ: Եթե սա սադրանք չէ, ապա ինչո՞ւ հանկարծ «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիրը մոռացավ, որ նման առաքելություն ստանձնելու համար ՀԱՊԿ-ին առնվազն կողմերի համաձայնությունն է պետք, եթե չասենք` խնդրանքը: Արդյոք, Ադրբեջանը պաշտոնապես դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, թե՞ առայժմ նման էժանագին հարցազրույցներով ազդակներ է ուղարկում Մոսկվային` խնդիրը նախապես համաձայնեցնելով Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հետ:
ՀԱՊԿ-ի զորությունն էլ, ի դեպ, Ադրբեջանին և Հայաստանին վաղուց է հայտնի: Այն «խաղաղասիրական» հայտարարություններից այն կողմ երբեք չի անցել, երբ Ադրբեջանը գնդակոծել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքը: Հոխորտացել են` ՀԱՊԿ-ը ստիպված կլինի միջամտել, և միայն այսքանը: Այսինքն, ՀԱՊԿ-ը նույնիսկ սեփական դերը չի խաղում, էլ ո՞ւր մնաց խաղաղապահություն իրականացնի հետխորհրդային ողջ տարածքում:
Մեղա տեր, հետո էլ ասում են` փողը մութ տեղը լույս չի տալիս: Հիմա տեսնում ենք, թե Ալիևի փողերն ինչպես են լուսավորել ռուսական պաշտոնական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի ուղեղը:
Էդիկ Անդրեասյան