Դաշնակցությունն ազգային նկարագրի, ազգային ավանդույթների պահպանման հետևորդ քաղաքական ուժ է, բայց նաև սոցիալիստական կուսակցություն է. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը` պատասխանելով հարցին, թե արմատական ի՞նչ կփոխվի, եթե ՀՅԴ-ն հայտնվի խորհրդարանում:
Նրա խոսքով` իրենք մշակել են սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, որոնք հիմնովին տարբերվում են այսօր քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերի ծրագրերից: «Մենք կարծում ենք, որ այս քաղաքականության հիմքում պետք է դրվի մարդու շահը, մարդու սպասելիքի բավարարումը, ազգովի ստեղծած համազգային բարիքի արդարացի բաշխման սկզբունքը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում բուրգը գործում է` հիմքում ունենալով մարդը, այսինքն` ներքևից է վերև բարձրանում բուրգը, միայն մեր` ավտորիտար երկրների դեպքում է, որ հակառակ ձևով է կառուցվում այդ բուրգը, ասել է, թե` վերևում կանգնում է մեկը կամ կուսակցություն, որի հրահանգներն իջեցվում են ներքև: Երբևէ հարց չի՞ առաջանում, թե ինչու մարզերում մարզպետերի ընտրություններ չկան: Ինչո՞ւ է մեր պետական համակարգը հիմնված պետական կառավարության մշակած քաղաքականության և այդ քաղաքականությունը մարզպետարանների միջոցով դեպի ներքև ուղղորդելու վրա»,- ասաց Եսայանը:
Նրա խոսքով` սա դասական ձև է, երբ պետությունն ինքն է որոշում` քաղաքացին ինչպես պետք է ապրի, և ոչ թե քաղաքացին է որոշում` որն է իր կարիքը, ու ընտրում է այն քաղաքական ուժին, որը կբավարարի իր կարիքը: Եսայանի հավաստմամբ` ամենակարևորն այն է, որ պետք է բուրգը շրջել և քաղաքականության մշակման հիմքում դնել մարդու կարիքը:
Մեկ այլ հարցի` արդյո՞ք մոտակա ժամանակահատվածում դաշնակցականները կցանկանան Հայաստանում հեղափոխություն անել, բնականաբար, սոցիալիստական, բայց իրական հեղափոխություն, ինչպես Շվեդիայում եղավ, Եսայանը պատասխանեց, որ Դաշնակցությունը հենց դրա համար է կոչվում հեղափոխական կուսակցություն: «Մենք հեղափոխականության երկու երես ունենք. առաջինն ազգային հեղափոխականությունն է, որն ապացուցել ենք պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ` սկսած Օսմանյան կայսրությունում ազգային մեր իրավունքների պահպանման համար հեղափոխական պայքարից, Ռուսական կայսրության ժամանակ, երբ փորձ էր արվում սահմանափակել մեր իրավունքները, վերջացրած Ղարաբաղյան պատերազմով, որն իրականում ազգային հեղափոխական շարժում էր նաև: Ինչ վերաբերում է հեղափոխությանը սոցիալական ոլորտում, ապա այստեղ հեղափոխությունն առաջին հերթին պետք է լինի մտքերում, քաղաքականության մեջ»:
Նա շեշտեց, որ իրենք հավատում են, որ ծրագրային գաղափարախոսական ուղղությունը պետք է լինի միակ ճանապարհը, որը տանելու է դեպի հեղափոխություն Հայաստանում: Մյուս կողմից, Եսայանի խոսքով, Դաշնակցությունը միշտ դատապարտել է զենքով պայքարը ներազգային ճակատում: Ըստ Եսայանի` որոշ մարդիկ ասում են, թե ՀՅԴ-ն չաջակցեց ՊՊԾ գնդի գրավման գործողություններին, բայց այդ ժամանակ իրենք փորձել են բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդի գիտակցությանը հասցնել, որ ներազգային ճակատում կրակել չի կարելի, ներազգային ճակատում արյուն թափելը դեռևս հեղափոխական լինելու նշան չէ: «Եթե դու իսկապես հեղափոխական ես, պետք է գաղափարախոսության մեջ հեղափոխություն առաջացնես, իսկ անտագոնիզմից դեպի սոցիալական համերաշխություն պայքարն անցնում է միայն էվոլուցիոն ճանապարհով»,- խոսքն ամփոփեց Եսայանը: