Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ շատ հեռու անցյալում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, Սեւրի դաշնագրի եւ հատկապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին հոդված գրողները նկատվում էին առավելապաշտներ, ամբոխահաճոյական նպատակներով շարժվողներ, ասպարեզականներ նույնիսկ (կարիերիստ իմաստով): Իրավագիտական քննարկումը Սեւրի եւ Վիլսոնյան վճռի անբեկանելիության մասին մասնագիտական ոլորտի խնդիր է:
Նշենք պարզապես, որ իրավարար վճիռների պարտադիր էությունը հիմնովին տարբերվում է երկկողմ պայմանագրային համաձայնությունների դեպքերից, որտեղ որեւէ կողմի հետագա անհամաձայնությունն անվավեր է դարձնում կնքված փաստաթուղթը: Այստեղ, առնչված կողմերը պարզապես կատարում են իրավարարի վճիռը, առանց լիազորություն ունենալու որոշման գործընթացի դերակատար լինելու եւ մանավանդ առանց այդ վճիռը բեկանելու իրավական հիմք ունենալու:
Ավելի կենտրոնանանք խնդրի ներկայացրած քաղաքական կարեւորության վրա: Սեւրի հիման վրա Վիլսոնի իրավարարության 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը կատարեց աննախադեպ հայտարարություն` ընդգծելով, որ Սեւրը պահպանում է իր այժմեական եւ ԻՐԱՎԱԿԱՆ նշանակությունը (ընդգծումը` մերն է): Այս հայտարարության նախօրյակին նախագահի կողմից Վիլսոնի շիրիմին այցելությունն ինքնին քաղաքական գործողություն էր, որ բնականաբար ինչպես արտաքին, այնպես նաեւ ներքին հստակ ուղերձներ էր բովանդակում: Հայ քաղաքական միտքն ակնկալված լուսարձակները չբացեց այս հայտարարության վրա: Հասկանալի էր, որ Անկարան խնամքով անուշադրության մատնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած այս հայտարարությունը, որ փաստորեն պետական մակարդակի վրա տարածքային պահանջատիրության ամրագրմանը համազոր հայտարարություն էր:
Այլ հարց է, անշուշտ, որ նման հայտարարությունը հիմնովին հակասում էր Երեւան-Անկարա արձանագրություններին, այնտեղ ծվարած թուրքական նախապայմաններին` ուղղակի-անուղղակի ընդունելության հայկական կողմից, բայց մանավանդ հուշում էր, որ նման հայտարարություն կատարողը խորքի մեջ պետք է անվավերականացնի նույնինքն արձանագրությունները: Սեւրի իրավական եւ այժմեական նշանակությունը ընդգծող նախագահի հայտարարությունը փաստորեն ուղենշային հանգամանք ստացավ: Այնուհետեւ, Հայաստանի պետական կարեւորագույն ամբիոններից հնչեցին "Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացում", կամ "հայ ժողովրդի պատմական բոլոր իրավունքների վերականգնում" առաջադրանքային բառակապակցությունները:
Այստեղ արդեն եթե մի կողմից նկատվում էր հատուցման պահանջատիրության պետական աշխատանքների մեկնարկային մոտեցում, մյուս կողմից հատկապես սփյուռքյան շրջանակների հայացքներից աննկատ չէր անցնում տարածքային կամ հողային պահանջատիրության ասելու ձևի բացակայությունը` պետական համապատասխան հաստատությունների եւ հանձնաժողովների հայտարարություններում: Թեեւ սկզբունքն ու առաջադրանքը հստակ էին եւ բառերի օգտագործման կամ օգտագործումից խուսափման միտումները առավելապաշտ ձեւով ընկալելն ու բառերին կառչելու երբեմն լուռ, երբեմն բարձրաձայն պահանջները հետզհետե երկրորդական նշանակություն են ունենում:
Ի վերջո այն, ինչ որ կարելի էր հասարակական մակարդակով արտահայտել, բնականաբար բառային հարազատությամբ կարող էր չարտացոլվեր պետական բնագրերում։ Պարզ էր, որ ասելու տարբեր ձեւերով միեւնույն նպատակի մասին էր խոսվում համակողմանիորեն: Ի վերջո, ի՞նչ էր նշանակում Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը կամ հայ ժողովրդի բոլոր իրավունքների վերականգնումը: Այս արդեն համապարփակություն էր ընդգծում եւ վերաբերում ոչ միայն տարածքային կամ հողային խնդրին, այլ նաեւ եկեղեցականին, անհատականին, վնասների հատուցման բոլոր ենթաբաժիններին:
Իհարկե, արտաքին քաղաքական ներշնչումն իր որոշադրիչ ազդեցությունն է ունենում Անկարայի նկատմամբ Երեւանի կատարած հայտարարությունների թե՛ բովանդակության, թե՛ շեշտադրումների, թե՛ դրանց հաճախակիության եւ թե՛ անուղղակիից ուղղակիին անցման վրա: Եւ այս դեպքում նկատի են առնվում, անշուշտ, Թեհրան-Անկարա կամ ավելի շատ Մոսկվա-Անկարա հարաբերությունների վայրիվերումները կամ քաղաքական պահերի լարված հանգամանքները:
Ուղենշային այս հայտարարություններն ավելի առարկայացան եւ տարածքային պահանջը մասնակի դարձավ, երբ հայ իրավագետների վերջին համաժողովին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը սեւով սպիտակի հստակությամբ Հայաստանի Հանրապետությունը նկատեց իրավատեր իր կորցրած տարածքները Թուրքիայից վերատիրանալու: Այստեղ արդեն բառերի խուսանավման ո՛չ տեղ կար, ո՛չ էլ միտում, հայտնաբար: Ընդհակառակը, թեեւ "իր խորին համոզմամբ" նախաբանային հստակեցմամբ, ընդհանուր դատախազը բարձրացրեց տարածքային պահանջատիրության ազդանշանը:
Թվում է, որ այս հարցը տարբեր առիթների պիտի վերարծարծվի: Իսկ այս մեկը չի կարող զուտ ներքին սպառման համար լինել: Ի վերջո հատուցման թղթածրարի պատրաստության եւ այդ թղթածրարի միջազգայնացման պահանջները եւս սկսվել են ընդգծվել պետական մակարդակների վրա, ինչը որ նշանակում է, որ Ցեղասպանության 100-ամյակը Հայ դատի կամ համազգային պահանջատիրության իրավականացման շրջադարձին վերածելու պետական միտում գոյություն ունի:
Այստեղ անշուշտ ուժի տեսությունը եւ մանավանդ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը ինքզինք զգալի է դարձնում` հիշեցնելով, որ հայկական կողմը Սեւրով եւ իրավարար վճռով իրավական հարթության վրա նվաճել է բարձրակետ, որը սակայն առարկայացած չէ` աշխարհաքաղաքական պայմանների կտրուկ փոփոխման պատճառներով: Իսկ աշխարհաքաղաքական պայմանների մասին մտածելու պահին անպայման պետք է վերհիշել Միացյալ Նահանգների օրվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Անկարայում կատարած հայտարարությունը, որ "մենք դեպի ծով ելք պարտական ենք Հայաստանին" եւ ինչու չէ նաեւ ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի հրապարակած կանխատեսումները առաջիկա քսան տարվա համար, որտեղ հստակորեն խոսվում էր Թուրքիայի մասնատման տեսանելիության մասին:
Այս բոլորը Սեւրի առիթով հիշելը շեշտում է Սեւրի շուրջ նախ ներազգային համախոհության կայացման անհրաժեշտությունը: Ճիշտ է, իրավական կատարյալ թղթածրարի պատրաստության առաջնահերթությունը սկսվել է արդար ակնկալությամբ մրճահարվել համակողմանիորեն: Մինչ այդ սակայն, վերջ պետք է տալ նաեւ անհեթեթ այն հարցին, որ մենք հայերս տակավին չգիտենք, թե ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից։ Իրավական հիմունքով, միջազգային օրենքների եւ օրինաչափությունների նկատառումով շատ բան ունենք պահանջելու Անկարայից: Եկեղեցիներ, վանքեր, եկեղեցապատկան կալվածքներ, անհատական կալվածքներ, վնասների հատուցումներ, արյան գին, եւ մասամբ նորին: Տարածքները սակայն գիտենք: Սեւրի հիման վրա Վիլսոնյան Հայաստանի սահմանագծած Հայաստանն է:
Իսկ Սեւրը պահում է, այո՛, իր այժմեական եւ իրավական նշանակությունը: Հայաստանի Հանրապետությունն էլ, այո՛ իրավատերն է իր կորցրած տարածքները վերադարձնելու հարցին: Սեւրով եւ Վիլսոնյան վճռով առաջադրված ամբողջական Հայաստանի սահմանների պահանջի շուրջ ներազգային համաձայնությունը Սեւրը կվերածի Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի Հանրապետության հզորացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության առաջադրանքներին առընթեր համազգային համաձայնեցված չորրորդ նպատակի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախօրյակին:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
"Ազդակ" թերթի գլխավոր խմբագիր