Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հերթական ընտրություններն են անկախ Հայաստանի պատմության մեջ, և ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսվել է Դաշնակցության դեմ հակաքարոզչությունը…
Քաղաքական պայքարի տեսակետից գուցե տարօրինակ բան չկա, ցավալին այն է, որ Դաշնակցությանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչ հեռավոր անցյալի պատմությունն ու հերոսական էջերը՝ վերջին 100 տարվա ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպես ազգային-պետական հավաքականություն, այսօր չէինք լինի: Քանի որ անհնար է զատել Դաշնակցությունը ազգ-հայրենիք-պետություն գաղափարից, սկսում են կռիվ մղել այդ գաղափարի դեմ: Ցավալիորեն, մեր պատմության ընթացքում հաճախ են այդպես վարվել, երբ միմյանց մերժելու, նեղ խմբային շահերն առաջ մղելու մոլուցքով տարված՝ մերժել են մեծագույն գաղափարները, արհամարհվել է ազգային շահը: Նաեւ սա է պատճառ դարձել, որ կորցրել ենք պետականությունը, հետո` աղետ աղետի հետևից…
Դաշնակցությունը ծնվել է` շտկելու համար հայոց ողբերգության հետեւանքները: Ոտնատակ տրված գաղափարը դարձրել է դրոշ ու ծրագիր, դռնեդուռ ընկած համոզել է ոտքի կանգնել, ուղղել կորացած մեջքը, սպանել մեր մեջ նստած ստրուկին, հեղափոխվել, փրկել ազգ, հայրենիք, արժանապատվություն: Դաշնակցությունը մեր քուն մտած ազգային ոգու արթնացումն է եղել…
Դաշնակցության երդվյալներն այսօր էլ ջանում են, որ ազգային գաղափարը մտնի ամեն հայի հոգու մեջ, որ նա՝ լինի սփյուռքում, թե հայրենիքում, իրեն զգա լիարժեք հայ, տերն իր երկրի, պատմության ու մշակույթի… Եվ վերջապես` տերը հզոր ապագայի: Դաշնակցության այս գործի, մոտեցման ու գաղափարի դեմ կռվելն անհնար է ու անմիտ (դա նույնն է, թե մերժես ազգն ու հայրենիքը, հայ ու հայություն, թեեւ մեր ճանապարհին դրա փորձն էլ եղավ):
Հիմա ինչ, 100 տարին մեկ պարտադի՞ր է նույն սխալը գործել… Հնարավոր չէ՞ քաղաքական ճանապարհ հարթել առանց ազգային արժեքների ու գաղափարների հետ հակադրվելու, աղմկելու, թե էլի «մեղավոր է Դաշնակցությունը»: Փորձում են համոզել այն ժողովրդին, որի համար ստեղծվել ու ապրում է Դաշնակցությունը, նրան, ով, որպես փրկության փարոս ու ազատության ճիչ, ծնել է Դաշնակցությանը: Ու երանի թե այդ երկունքը հայ ժողովրդի կյանքում շուտ եղած լիներ…
Պետք է հասկանալ, որ Դաշնակցությունը նախ գաղափար է, հետո` դրա վրա հենված կազմակերպական մարմին ու ուժ: Նա իր ծննդյան օրից փորձել է գաղափարը տեղ հասցնել, առաջնորդել դեպի ազատ ու անկախ հայրենիք, դեպի պայծառ գալիք (մի բանում անվերապահ հաղթել է` հիմա այդ գաղափարներից խոսում են բոլորը):
Իսկ այդ ճանապարհին ինչ չստացվեր, մեղավոր էր Դաշնակցությունը: Մեղավոր էր, որ հաճախ մենակ էր, ինքն էր ու իր մաշված հագուստով հայդուկը, անվերարկու պաշտոնյան, իր չափից շատ ժողովրդավար վարչապետն ու անվերապահ հավատը մեծ գաղափարին, որի հետ վերջում էլի մենակ էր մնալու: Մենակ, թափառական, բայց ոչ մի օր գաղափարին չդավաճանող ու անտեր չթողնող, քանզի գիտեր, որ դա է իր առաքելությունը, գիտեր, որ երբ դավել ենք մեր ազգային գաղափարաբանությանը, ստրկացել ենք, լքել ազգ ու հայրենիք, դարձել օտարամոլ, կտակել Անին Բյուզանդիային… Մինչև այն ժամ, երբ նորից մեկը գոռացել է՝ Մահ կամ ազատություն…. Եղավ թե՛ մահ, թե՛ ազատություն, թե՛ 1915 և թե՛ 1918… 15-թիվ եղավ, որովհետև ազգովի չորդեգրեցինք զենքի գաղափարը ու բանակ չդարձանք….18 թիվ եղավ, որովհետև էլ փախուստի տեղ չկար, «Մահ կամ ազատություն» կարգախոսի անբեկանելիությանը չհավատալու իրավունք չկար …. Կային Արամ ու Դրո, կամավոր երդվյալների մի քաջարի բանակ…Դաշնակցությունն այդ ժամանակ մենակ չէր, ազգը նրա կողքին էր… Հետո մեծ շահեր, փոքր ժողովուրդ, անտեր մնացած Սևրի պայմանգիր, հային խաբող թուրք, ռուս ու եվրոպացի, քարոզչության գերի հայ բոլշևիկ, ու եղավ պետականության կորուստ…Տարագիր Դաշնակցություն, գերված հայրենիք, մահ ու անազատություն… Կար ժողովուրդ, բայց ոչ` ազգ, ու կար մի վախ, որի մտրակող կարգախոսն էր՝ «մեղավոր է դաշնակցություն»…
Դաշնակցության «մեղքը» խորհրդային կարգերի վերացման հետ չսրբվեց… Դաշնակցությունը մեղավոր էր պիտակավորվելու նաև նորանկախ Հայաստանում, որովհետև չէր կարող անձերին կուռք ընդունել՝ ստորադասելով իր գաղափարական սկզբունքայնությունը, չէր կարող անտեսել քաղաքական փորձն ու իմաստնությունը, աչք փակել ապազգային դիրքորոշումների ու գործերի վրա: Դաշնակցությունը անկախ Հայաստանի գրեթե 30-ամյա պատմության մեջ ոչ մի օր չի դադարել լինել ազգային ու գաղափարական, պետականամետ ու պետակաշեն կուսակցություն: Թեեւ որդեգրած ծրագրերի իրագործումն ամբողջովին դեռ չի հաջողել… Չի հաջողել, որովհետև մանր ու մեծ խաբեբաները բազում ձևերով մոլորեցրել են ժողովրդին, շեղել նրա ուշադրությունը:
Ազգային մտածողությունը սպանելու համար 70 տարի կոմունիստ քարոզիչները զբաղված էին Դաշնակցության խարազանմամբ: Դաշնակցականները նույն ժամանակ հայրենիքից դուրս ազգի հայրենազուրկ բեկորները փրկում էին ուծացումից, նրա հոգում վառ էին պահում երկիր վերադառնալու հավատն ու հայրենիք ունենալու հպարտությունը: Այս մեծ գործի մեջ խրված Դաշնակցությունը համոզված էր. «Կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք»: Կարևորը գործն էր, ազգային ճեմարան ու մշակութային միություն հիմնելը, նվիրումը ազգին, եռագույնը ծոցում տաք պահելը…Կարևորը հային հայ պահելն էր: Առաքելություն, որ այսօր էլ Դաշնակցության համար չի ավարտվել…
Սպասված զորաշարժը եղավ 1988-ին: Հայաստանում հնչեց ազատության շեփորն, ու նորից հայոց արևի տակ շողարձակեց եռագույնը: Նորից մեր հայրենիք, նորից առյուծ ու արծիվ, նորից միացում ու նորից մի հարց՝ ո՞ւր է Դաշնակցությունը: Իսկ Դաշնակցությունն արդեն վերադարձել էր… Վերադարձել էր սկզբում որպես գաղափար ու նպատակ, իսկ հետո` որպես կամք եւ կենդանի գործ: Մենք այդ ժամանակ դաշնակցական էինք, ու դա օգնեց անկախության հռչակման ու հաղթանակ կերտելու գործում… Որպես կազմակերպված, կարգապահ ուժ և զինյալ պայքարի փորձառություն ունեցող կառույց` Դաշնակցությունը անգերազանցելի էր մարտի դաշտում: Պետական ու քաղաքական կյանքի կայացման, ճիշտ որոշումների ընդունման մեջ նույնպես մեծ էր նրա դերը, գիտելիքն ու հմտությունը… Կամաց-կամաց ազգային գաղափարներին ու արժեքներին իշխանությունները հակադրեցին նեղ անձնական ու խմբային շահերը… Դաշնակցությունը չէր ընդունում կենտրոնաձիգ կառավարումը, (ի սկզբանե առաջարկում էր խորհրդարանական մոդել): Կուռքեր ստեղծելը համարում էր վտանգավոր՝ առաջնային պետք է լիներ գաղափարը, ազնիվ կառավարումը՝ հենված հստակ ազգային ուղեգծի վրա…Սկսվեց անհաշտ պայքար, պայքար գաղափարների ու արժեքների, ազգային շահի ու կուսակցականության միջև: Ընդդիմադիր Դաշնակցության դեմ ծավալվեց անհաշտ պայքար, քանզի նա համարձակվել էր լինել այլընտրանք, ձևավորել հակադիր բևեռ, իսկ նորընծա կուռքերը, որ հասցրել էին զգալ իշխանության համը, չէին կարող չվախենալ դրանից:
Քաղաքական կյանքից դուրս մղելու համար 94-ի դեկտեմբերին անկախ բազմակուսակցական եւ ժողովրդավարական հռչակված Հայաստանում կասեցվեց ազգային կուսակցության գործունեությունը:
Քաղաքական դաշտն ամլանում էր, որի հետևանքները առավել ծանր էին լինելու: Իշխանությունն ամբողջովին իր ձեռքում կենտրոնացրած ուժը չկարողացավ երկիրը տանել զարգացման ճանապարհով, փոխարենը վաստակեց անվստահություն ու հակակրանք, ինչը ծանր դրսևորում ստացավ 1996թ.-ի նախագահական ընտրություններից հետո: Երկիրը կանգնած էր քաղաքացիական առճակատման շեմին:
1996թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո Հայաստանի քաղաքական կյանքն առողջացնել հնարավոր չեղավ: Քաղաքական աճպարարությունը դարձավ վարքագիծ: Հետագա համապետական ընտրությունների ժամանակ, փրկչի դիմակ հագած նորահայտ կուսակցություններն ու մի գիշերում կուսակցություն փոխած գործիչները, հետևողական շարունակեցին մոլորեցնել ժողովրդին: Չզգացվեց բարեգործի դիմակ հագած իմաստուն շաղակրատողների պակաս, ծաղկեց ընտրողների ձայների առեւտուրը: Հասարակության մեկ հատվածը որդեգրեց կրավորական դիրքորոշում…
Անկախ ամեն ինչից` Դաշնակցությունը մնաց քաղաքականապես ակտիվ, քաղաքական պայքարի մեջ բիրտ ուժին, փողին ու քաղաքական ամբոխվարությանը հակադրեց արդար ու ծրագրային-գաղափարական ընտրապայքար: Փակուղուց դուրս գալու եւ արդյունավետ կառավարում իրականացնելու ուղիներից մեկը Դաշնակցությունը համարում էր անցումը խորհրդարանական կառավարման: Դժվարությամբ, բայց հաջողվեց օրվա իշխանություններին մղել գնալու այդ ճանապարհով՝ սկզբունքային պայքարը պսակվեց հաջողությամբ:
Դաշնակցության ցանած սերմերը երբեմն ուշ, բայց միշտ պտուղներ են տվել: Բազում գաղափարներ, սկզբունքներ, օրենքներ ու բազմապիսի ծրագրեր, որ կյանքի են կոչվել անցնող տարիներին տվել են ու դեռ պիտի տան ցանկալի արդյունք: Շատ հաճախ, առաջին հայացքից, դրանք տեսանելի չեն եղել կամ չեն ընկալվել խորությամբ:
Ազգային-պետական արժեքների ու ավանդույթների ամրապնդման գործում անգնահատելի ներդրում է ունեցել Դաշնակցությունը: Նա դարձել է երկրի կայունությունը ապահովող ուժերից մեկը: Երբեք կշեռքի նժարին պետության անվտանգության հարցը չի դրել, երբեք չի գնացել ամբոխվարական սին խոստումներով ժողովրդին հաճոյանալու ու շահաբաժին կորզելու ճանապարհով՝ քաջ գիտակցելով, որ մի օր գալու է հաշվետվության ժամը:
Սթափ լինելու դեպքում կարձանագրեինք, որ Դաշնակցության թեկնածուները, գիտելիքով ու անցած ճանապարհով, միշտ տարբերվել են մրցակիցներից: Բայց մենք ե՞րբ ենք, այդ արժանիքները հաշվի առնելով, ընտրություն կատարել… Չենք արել, դրա համար Դաշնակցությունը մենակ է մնացել, հետո` մեր աչքին դարձել մեղավոր… Մեզ մի օր հարց տվի՞նք՝ ինչու դաշնակցական որևէ հրամանատար ու կռված տղա, հետո չդարձավ օլիգարխ ու ինքնակոչ զորավար, չհոխորտաց, թե ես կռվել եմ, դու՝ չէ… Ինձ կարելի է ամեն ինչ, քեզ ոչինչ. ինձ պիտի ընտրես պատգամավոր….Բայց այդ անգաղափար ջրոտբերաններն ավելի շատ քվե են հավաքել, քան մտավորական որևէ դաշնակցական: Կարևոր չէ, թե ինչու եւ ինչ դրդապատճառներով ենք ուրիշին ընտրել՝ կարևորն այն է, որ նրանց, ովքեր կարող էին գալ ու մեր կյանքը փոխել, չենք օգնել ու չենք վստահել անհրաժեշտ քվեով…
Բայց երկիրը բարեփոխելու Դաշնակցության ձգտումը երբեք չի մարել: Նպատակին հասնելու ուղիներից մեկն էլ Դաշնակցությունը դիտարկել է կոալիցիոն համագործակցությամբ, իշխանության որոշակի բեռ ուսերին վերցնելու միջոցը: Ի դեպ՝ ՀՀ պատմության մեջ առաջին կոալիցիոն համագործակցության սկզբունքը որդեգրողը հենց Դաշնակցությունն է եղել: ՀՅԴ-ն, 1918-20թթ. լինելով իշխող կուսակցություն, երկու անգամ կոալիցիոն կառավարություն է կազմել խորհրդարանական այլ ուժերի հետ: Մեղադրել ՀՅԴ-ին իշխանության հետ համագործակցելու համար արդար չէ… Մանավանդ, որ կոալիցիոն գործընկերությունը երբեք չի կաշկանդել նրան: ՀՅԴ-ն շարունակել է մնալ ինքնուրույն եւ հավատարիմ իր ազգային ուղեգծին:
Դաշնակցությունը հայ քաղաքական կյանքի մենակն է, որովհետև մտածողությամբ մեկ քայլ առաջ է, մեծ գաղափարների տեր ու կրող է, անտրտունջ ու հավատավոր է, չկոտրվող է, հողի ցավով տառապող ու կռվող է…Դաշնակցությունը հիմա էլ մենակ է, որովհետև նույնն է ասում, ինչ 1990-ականների սկզբին. անձերին մի դարձրեք կուռք ու մի օժտեք անվերահսկելի իշխանությամբ:
Հ.Գ.
Քաղաքական պայքարում Դաշնակցության պարտությունը ցանկացողները պետք է հասկանան, որ ՀՅԴ-ն վաղուց հաղթել է և իր դեմ կռիվ տվողն անգամ, այդ հաղթանակի արդյունքն է: Դաշնակցության երազանքը անկախ պետականության գոյությունն է եղել, Խատիսյանի բառերով ասած՝ ստեղծել «տուն, բույն, ուր կկռվի ժողովրդական միտքը»: ՀՀ ու ազատ Արցախի գոյությունն աներկբա իրողություններ են՝ հայ մանուկը հաճախում է ազգային դպրոց, ծածանում է եռագույնը ու երգում է ազգային երգեր: Անկախության ամրապնդումը, հզոր բանակը, ազգային երազանքներին հավատարմությունը բոլորի մտածողության մեջ ամրագրված է: Դա Դաշնակցության հաղթանակն է. նա արդեն հաղթել է….Եվ բնավ կարևոր չէ, թե, օրինակ՝ ջահերով երթն առաջինն ո՞վ է կազմակերպել. կարևորը երթի հարատեւությունն է ….
Արթուր Մկրտչյան