Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք սովորաբար անցկացվում են նախագահի ընտրությունից երկու տարի անց։ Այս ընտրություններին պիտի վերընտրվեին ամերիկյան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 100 անդամներից 35-ը, ստորին՝ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 39 նահանգապետեր, ինչպես նաև նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:
Գլխավոր ինտրիգը, իհարկե, կապված էր սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների ընտրության հետ, քանի որ դա կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2016 թ․ նոյեմբերին նախագահ ընտրված հանրապետական Թրամփը մինչ այս ընտրությունները վայելում էր թե՛ Սենատում և թե՛ Պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների աջակցությունը։ Սակայն այս ընտրություններից հետո ամերիկյան և միջազգային մամուլն արձանագրեց՝ Թրամփի և հանրապետականների միասնական իշխանության դարաշրջանն ավարտված է։ Դեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատում՝ ստանալով 218 մանդատ՝ հանրապետականների 192 տեղի դիմաց։ Իսկ Սենատում հանրապետականները պահպանել են իրենց դիրքերը և կշարունակեն մեծամասնություն կազմել։ Պալատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին ընտրություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ում վերականգնվել է զսպումների և հակակշիռների մեխանիզմը, և իրենք կկարողանան պաշտպանել Օբամայի առողջապահական համակարգը Թրամփի վարչակազմի հարձակումներից։ «Դեմոկրատները հետ են վերցրել Պալատը հանուն ամերիկյան ժողովրդի»,- հայտարարել է Փելոսին։
Կոնգրեսի ընտրությունները կարևոր էին նաև ԱՄՆ հայ համայնքի և ԱՄՆ-ում հայերի քաղաքական ազդեցության տեսանկյունից։ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ՝ Կոնգրես են անցել մի շարք հայ և հայամետ գործիչներ։ Նրանցից մեկը Աննա Աստվածատուրյան Թյուրքոտն է, որը Բաքվի ջարդերից է մազապուրծ եղել և մեկնել Միացյալ Նահանգներ։ Հիմա նա Արցախի անկախության ջատագովներից է։ Հայազգի մյուս երեք օրենսդիրներն են Էնթոնի Բրինդիսին, Աննա Էշուն և Ջեքի Սփիըրը։ Ընտրություններում հաղթել են նաև մի շարք հայամետ գործիչներ, այդ թվում՝ Բոբ Մենենդեսը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակ է և Արցախի անկախության և անվտանգության հայտնի պաշտպան։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
– Պարոն Համբարյան, Կոնգրեսի այս արդյունքներն ի՞նչ կարևորություն ունեն Ամերիկայի հայ համայնքի համար։ Կարո՞ղ ենք ասել, որ մեր դիրքերը Կոնգրեսում այժմ ավելի ուժեղ են։
– Նախ պիտի նշեմ, որ հայկական համայնքը առաջընթացի է հասնում այն դեպքում, երբ մենք ակտիվ ենք քաղաքական դաշտում։ Սա ավելի կարևոր է, քան այն հարցը, թե ով է հաղթել, և ով է պարտվել։ Արդյոք մենք ակտի՞վ ենք որպես ընտրողներ, կամավորներ, դոնորներ և կազմակերպիչներ։ Երբ մենք անում ենք սա՝ մենք առաջընթաց ենք գրանցում։ Երկրորդը, այն փաստը, որ Ներկայացուցիչների պալատն անցել է դեմոկրատների վերահսկողության տակ, նշանակում է, որ մեր մի շարք լավ բարեկամներ պատասխանատու կլինեն կարևոր հանձնաժողովների համար։ Կարող եմ նշել անուններ։ Օրինակ՝ Էլիոթ Էնգելը պատասխանատու կլինի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Նիտա Լոուին՝ հատկացումների, Ֆրենկ Փալոունը՝ էներգետիկայի և առևտրի, Ջերոլդ Նեյդլերը՝ դատական հարցերի, Ադամ Շիֆը՝ հետախուզության հանձնաժողովի համար։ Կարծում եմ՝ Ռիչարդ Նիլն էլ պատասխանատու կլինի ճանապարհների և միջոցների հանձնաժողովի համար։
Սրանք Կոնգրեսի հիմնական հանձնաժողովներն են, և սա էապես տարբերվում է Կոնգրեսի նախորդ գումարումից։ Կոնգրեսի նախորդ գումարման մեջ մեր լավ բարեկամը՝ Էդ Ռոյսը, արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն էր, բայց նա հրաժարական է տվել։ Այսպիսով, կարևոր, մեծ փոփոխություններից մեկն այն է, որ առանցքային հանձնաժողովներում ունենք հայ համայնքի մի շարք բարեկամներ։ Սա առաջին կարևոր նվաճումն է։ Երկրորդը, ընտրություններում կարևոր հաղթանակ են տարել մի շարք հայամետ գործիչներ, մասնավորապես՝ սենատոր Բոբ Մենենդեսը, որը շատ կարևոր հաղթանակ է տարել Նյու Ջերսիում։ Նա ամենաազդեցիկ դեմոկրատն է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նաև ընտրություններում հաղթել են մի քանի ամերիկահայեր։ Կոնգրեսի անդամներ էին Աննա Էշուն և Ջեքի Սփիըրը, և հիմա նաև Էնթոնի Բրինդիսին է ընտրվել Նյու Յորքից։ Այսպիսով, երկուսը Կալիֆոռնիայից են, մեկը՝ Նյու Յորքից։ Մեր մյուս կարևոր հաղթանակն այն էր, որ այս ընտրություններում պարտվեց Կոնգրեսում մեր ամենակատաղի թշնամիներից մեկը՝ Փիթ Սեշընսը, Տեխասից, որը ժամանակին փորձում էր արգելափակել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։
Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք դրա համար։ Մենք ակտիվ ենք եղել մոտ 180 ընտրատարածքներում, ինչը մեծ թիվ է մեզ համար։ Եվ խոսքը ոչ թե միայն Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Միչիգանի մասին է, այլ 36 նահանգների։
– Այսինքն՝ Սենատում միակ ազդեցիկ հայամետ գործիչը Բոբ Մենենդե՞սն է։
– Ոչ, ոչ։ Մենք այնտեղ ունենք բազմաթիվ ընկերներ։ Այս ընտրություններին, կարծեմ, պիտի ընտրվեին 32 կամ 33 սենատորներ, և մենք աջակցել ենք նրանց մոտ մեկ երրորդին։
– Իսկ ընտրությունների այս արդյունքներն ինչպե՞ս կազդեն ԱՄՆ-ի ներքաղաքական իրադրության վրա։ Հաղթանակը Ներկայացուցիչների պալատում թույլ կտա՞ դեմոկրատներին հակակշռել նախագահ Թրամփի իշխանությանը, զսպել նրա գործողությունները, և այս փոփոխություններն ինչպե՞ս կազդեն Թրամփի արտաքին քաղաքականության վրա։
– Զսպումների և հակակշիռների համակարգը ինստիտուցիոնալ ասպեկտ ունի։ Դա նշանակում է, որ իշխանության տարբեր ճյուղերը հավասար են և փոխզսպում, հակակշռում են միմյանց։ Բայց այս համակարգում իր դերն ունեն նաև կուսակցությունները, և դա սկսում է գործել, երբ օրենսդիր մարմնի երկու պալատները վերահսկվում են տարբեր կուսակցությունների կողմից։ Ուստի կարծում եմ՝ զսպումների և հակակշիռների համակարգն այժմ շատ լավ է գործում։ Կոնգրեսը շատ լծակներ ունի և դրանցից մեկը հատկացումների հանձնաժողովն է, որն իր դերն է խաղում բյուջետային ծախսերի որոշման գործընթացում։ Մյուս կարևոր լծակը վերահսկողությունն է։ Կոնգրեսը իր ուշադրության տակ է պահում երկրի արտաքին քաղաքականությունը։ Սա ևս շատ լավ է, որովհետև հանրապետականներն ու դեմոկրատները տարբեր կերպ են վերաբերվում նախագահին՝ ելնելով իրենց կուսակցական պատկանելիություն։ Նաև շատ կարևոր են նշանակումները։ Նշանակումները հաստատվում են Սենատի կողմից։ Այս ասպեկտը ևս շատ կարևոր է, թեև տվյալ պարագայում պաշտոնյաների նշանակումները հաստատվելու են Սենատի այն հատվածի կողմից, որը վերահսկվում է նախագահի կուսակցության՝ հանրապետականների կողմից։ Այս առումով էական փոփոխություն չի եղել, բայց կան օրինակներ։ Նախագահն առաջադրել է Հայաստանի դեսպանի թեկնածու, և մենք աշխատելու ենք թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ՝ մանրամասնորեն զննելու այս թեկնածուին այնքան, որքան հնարավոր է։ Այս դեպքում գործ ունենք զսպումների և հակակշիռների համակարգի՝ ավելի շատ ինստիտուցիոնալ, քան թե կուսակցական կողմի հետ։ Մենք չենք դիմում դեմոկրատներին՝ զննելու հանրապետականներին, մենք պահանջում ենք նրանց, որպես սենատորների, կատարել իրենց սահմանադրական դերը և համոզվել, որ առաջադրված թեկնածուները համապատասխանում են այն պաշտոններին, որոնք զբաղեցնելու են։ Մի խոսքով, սա բավական բարդ համակարգ է։ Այն ունի բազմաթիվ շերտեր, դրանում ներգրավված են բազմաթիվ անձինք։ Այն ներառում է պետական ինստիտուտները, կուսակցությունները, հատկացումները, թեկնածուների առաջադրումն ու վերահսկողությունը։ Մենք աշխատում ենք բոլոր այս ոլորտներում։
– Ի դեպ, ի՞նչ կարող եք ասել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջադրված թեկնածուի մասին։ Դուք աջակցելո՞ւ եք նրան, թե՞ ոչ։
– Մենք առայժմ չգիտենք նրան և չենք լսել նրա պատասխանները մեզ հետաքրքրող հարցերի մասին, ուստի չենք կարող ասել։ Նա պիտի մասնակցի լսումների Սենատում, և մենք կլսենք նրա պատասխաններն ու մեկնաբանությունները։ Այդ լսումները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու թեկնածուին և պատկերացում կազմելու այն քաղաքականության մասին, որը վարելու է Վաշինգտոնը և որին հետամուտ է լինելու դեսպանը։
– Կոնգրեսի այս ընտրություններից հետո հայ համայնքը բավարար ազդեցություն ունենալո՞ւ է Սպիտակ տան հնարավոր փորձերը՝ շրջանցելու Կոնգրեսի 907-րդ բանաձևը և օգնություն հատկացնելու կամ զենք վաճառելու Ադրբեջանին։
– Սա չափազանց բարդ հարց է։ 907-րդ բանաձևն օրենք է, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը օգնություն հատկացնել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի վերացրել Հայաստանի շրջափակումը։ Սակայն 2002 թ․ սկսած՝ ԱՄՆ նախագահը հնարավորություն է ստացել շրջանցելու այս բանաձևը։ Դա արել են Բուշը, Օբաման, և հիմա նույնը փորձում է անել Թրամփը։ Ամեն բյուջետային տարի նրանք շրջանցում են այս բանաձևը և օգնություն հատկացնում Ադրբեջանին, բայց գլխավոր սկզբունքն այստեղ այն է, որ պահպանեն պարիտետը Արցախյան հակամարտության երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես կարծում եմ, որ Կոնգրեսը կպահպանի 907-րդ բանաձևը, և մենք կընդդիմանանք այս բանաձևի վերացման ցանկացած փորձի։
Միևնույն ժամանակ թվում է, որ Թրամփի թիմակիցները շարունակելու են սառեցնել բանաձևը։
Սրա հետ կապված երկրորդ հարցը Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքն է։ Միացյալ Նահանգները գործնականում զենք չի վաճառել կողմերից որևէ մեկին։ Իսկ եթե որոշի զենք վաճառել կողմերից մեկին, ապա կվաճառի նաև մյուս կողմին, որովհետև եթե զենք վաճառի միայն մեկին, դա կխախտի 907-րդ բանաձևի սկզբունքը՝ պահպանել ռազմական հավասարակշռությունը։ Հետևաբար, այս իրավիճակից կարելի է նաև օգուտներ քաղել և դա ԱՄՆ-ի կողմից երկու կողմերին զենք վաճառելն է։
Այնպես չէ, որ ամեն ինչ վատ է։ Այնուամենայնիվ, մենք ունենք մտահոգություններ, որովհետև կողմերին զինելը չի նպաստի կողմերի միջև խաղաղության հաստատմանը, և դա մեզ չի մոտեցնի խաղաղությանը։ Երկրորդ մտահոգությունն այն է, որ երկու կողմերին էլ զենք վաճառելու դեպքում ավելի շատ կշահի այն կողմը, որն ավելի շատ զենք գնելու հնարավորություն ունի։ Ուստի մեզ մտահոգում է այն, որ Ադրբեջանն ավելի շատ կշահի երկու կողմերին զենք վաճառելու քաղաքականությունից։
Հեղինակ՝ Արամ Սարգսյան