Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Yerevan.Today-ում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն կատարեցին: Առգրավվել էին խմբագրության համակարգիչներից 3-ի կոշտ սկավառակները, ինչպես նաև խմբագրի անձնական համակարգիչը:
Yerkir.am-ի հետ զրույցում կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտնեց, որ իրենց համակարգիչների կոշտ սկավառակները տանելու հաջորդ օրն իսկ իրենք գնել են ինչ-որ սարքեր ու փորձել չպարալիզացնել խմբագրության աշխատանքը:
«Մեր աշխատանքում փոփոխություն չկա, շարունակում ենք աշխատել: Սակայն խնդիրն այն է, որ մենք ունենք հիմնական համակարգիչներ, օրինակ` մեր մոնտաժային համակարգիչները, որոնց կոշտ սկավառակները տարել են: Սրա հետևանքով մեր աշխատանքը, իհարկե, տուժում է, քանի որ տեսանյութերը, ռեպորտաժներն ուշացումով են կայքում տեղադրվում: Նրանք պատրաստակամ են մեզ տրամադրել մեր նյութերի պատճենները, սակայն կոշտ սկավառակները` դեռ ոչ: Փորձաքննություն են անում, հայտնի էլ չէ՝ երբ կավարտվի այն, այս պահին որևէ նոր բան չկա»,- ասաց Հակոբյանը:
Մեր հարցին, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունեն ԶԼՄ-ի հետ, որքանո՞վ է ճիշտ կոշտ սկավառակներում առկա ինֆորմացիայի ուսումնասիրությունն այսքան ձգձգելը, նա պատասխանեց, որ, իհարկե, տարօրինակ է, քանի որ շուտով լրանում է մեկ ամիսը, ինչ առգրավվել են կոշտ սկավառակները: «Զարմանալի է՝ արդյո՞ք մեկ համակարգչի և 3 կոշտ սկավառակների ստուգումն իրենց համար այդքան ծանր, տաժանակիր աշխատանք է: Եթե իրենց համար այդքան բարդ է, թող բերեն, մենք ստուգենք ու ասենք՝ դրա մեջ ինչ կա»,- ասաց Հակոբյանը:
Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ կայքում խուզարկությունն իրականացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: