Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուշագրավ իրադարձություններ են ծավալվել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ: Նախապես առաջադրված 5 թեկնածուներից` Սևակ Միքայելյան, Դավիթ Քոչարյան, Լևոն Ստեփանյան, Մանվել Պողոսյան, Գագիկ Աթասյան, երեքը կշարունակեն պայքարը Հրազդանի քաղաքապետի համար. Մանվել Պողոսյանը և Գագիկ Աթասյանն այլևս քաղաքապետի թեկնածու չեն: Մանվել Պողոսյանն ինքնաբացարկ է ներկայացրել, իսկ ահա Գագիկ Աթասյանը պնդում է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցությանը խոչընդոտել են:
Yerkir.am-ը կապ հաստատեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ` պարզելու, թե ինչո՞ւ Գագիկ Աթասյանի թեկնածությունը չի հաստատվել: «Աթասյանը ներկայացրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն չէր վճարել ընտրագրավը, միակ պատճառը դա է»,- հայտնեց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Աթասյանն ասաց, որ արհեստական խոչընդոտներ են առաջացրել իր` ընտրություններին մասնակցելը կանխելու համար, ընտրագրավը չվճարելու խնդիրն էլ, ըստ նրա, այլ կերպ է առաջացել: Ըստ Աթասյանի` ինքը ընտրագրավի գումարը պարտքով է վերցրած եղել, բայց քանի որ իրեն որպես թեկնածու գրանցվելու տեղեկանք չեն ցանկացել տալ, գումարը հետ է վերադարձրել: «Հրազդանի անձնագրային բաժնի պետը չորով չէր տալիս տեղեկանքը, որ ես վեցամսյա գրանցում ունեմ պետռեգիստրում: Ցանկություն չուներ տալու, տարբեր պատճառաբանություններ էր բերում` շաբաթ, կիրակ է և այլն»,- ասաց նա:
Աթասյանը նշեց, որ տեղեկանքն իրեն չտրամադրելուց հետո ինքը դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի պետ Մնացական Բիչախչյանին, ապա` «Ֆեյսբուք»-ում նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո իրեն տվել են տեղեկանքը, բայց ինքն արդեն գումարը հետ էր վերադարձրել:
Աթասյանը տեղեկացրեց, որ քննություն է սկսվել Հրազդանի անձնագրային բաժնում` պարզելու հանգամանքները, թե ինչո՞ւ են իրեն ուշ տրամադրել պահանջվող տեղեկանքը:
Yerkir.am-ը այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի պետ Մնացական Բիչախչյանին: Նրա խոսքով` Գագիկ Աթասյանը ուրբաթ օրը դիմել է տեղեկագրի համար, իսկ շաբաթ օրն արդեն ստացել է այն: «Ընդ որում` Ընտրական օրենսգրքում սահմանված է, որ այդ տեղեկանքը տրվում է աշխատանքային երեք օրվա ընթացքում: Այն համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են նախատեսված, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ` անձնագրայհին բաժիններն աշխատել են նաև շաբաթ ու կիրակի օրերին, որովհետև թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը եղել է կիրակի օրը»,- տեղեկացրեց Բիչախչյանը:
Նա նաև հաստատեց լուրը, որ ծառայողական քննություն է իրականացվելու Հրազդանի անձնագրային բաժնում: «Քաղաքացին իր բողոքն է ներկայացրել, որ, իր պատկերացմամբ, իրեն չեն ուզեցել տրամադրել տեղեկանքը, այնպիսի տվյալներ է հաղորդել, որ ոստիկանության պետն էլ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն` արդյո՞ք եղել է իր առաջադրվելու իրավունքը սահմանափակելու կամ տեղեկանքը չտրամադրելու, արհեստական խոչընդոտներ ստեղծելու դեպք: Բայց նա շաբաթ օրն իր իրավունքը ստացել է ողջամիտ ժամկետում և հնարավորություն ուներ մնացած հանգամանքների առկայության պարագայում առաջադրվելու: Թե ի՞նչ չի կարողացել ներկայացնել ԿԸՀ, դա մեր իրավասության սահմաններից դուրս է»,- նշեց Բիչախչյանը:
Սակայն Աթասյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն դիտմամբ են ուշ տրամադրել տեղեկանքը, քանի որ ինքը ժողովրդի կողմից ընդունված միակ թեկնածուն էր: Նա նշեց, որ տեղական ընտրական հանձնաժողովին 48 ժամ է տրվում որոշում կայացնելու` գրանցե՞լ թեկնածուին, թե՞ ոչ: «Ես մասնակցել եմ ՏԸՀ այդ նիստին, հիմնավորումներ ու փաստեր ունեի, սակայն ինձ հնարավորություն չտվեցին խոսելու նիստում: Օրենքով այսպես է` եթե թեկնածուն առաջադրվելու դիմումը, կից փաստաթղթերը ներկայացրել է, և ինչ-որ թերի բան կա` լինի ընտրագրավ, թե` այլ փաստաթուղթ, 48 ժամ պետք է տրամադրել առաջադրված թեկնածուին` այդ թերի բաները լրացնելու համար: Օրենքով նախատեսված է` եթե ընտրագրավի խնդիր կա, նաև կա հետաձգելու կամ ընտրագրավը պակասեցնելու հնարավորություն: Նիստի ժամանակ միաձայն չգրանցելու որոշում կայացնելուց հետո նոր ինձ ասացին` եթե բան ունես ասելու, ասա: Ես ասացի` մինչև այդ էի ձայնի իրավունք ուզում, դուք չտվեցիք, կարող է ես խոսեի, փաստեր ներկայացնեի ձեզ: Եթե մինչև այդ ինձ ձայն տային, կարող է ես այնպիսի փաստեր էի ներկայացնում, որ հանձնաժողովի անդամները կողմ էին քվեարկում իմ թեկնածությունը գրանցելուն»,- շեշտեց Աթասյանը:
Մեր հարցին` ի՞նչ է պատրաստվում հիմա անել, նա պատասխանեց.«Սպասում եմ որոշմանը, դեռ ինձ որպես թեկնածու չգրանցելու որոշումը պատշաճ ձևով չեն ուղարկել: Սպասում եմ, որոշումը գա, բողոքարկեմ դատարանով, բացի այդ էլ` միջազգային կառույցների մի մասին դիմել եմ, տարբեր երկրների դեսպանների, մի մասին էլ դիմելու եմ, որովհետև խախտվել է իմ` ընտրվելու սահմանադրական իրավունքը: Իմ խնդրանքն այն է, որ կա'մ ընտրությունները հետաձգվեն, կա'մ ինձ գրանցեն, և իմ մասնակցությամբ կայանան ընտրությունները»:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Հրազդանի անձնագրային բաժնի պետ Վալերիկ Եսայանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի համագյուղացին է և մտերիմներից: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից Սևակ Միքայելյանը Սասուն Միքայելյանի որդին է:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: