Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա տեղյակ է եղել ՀՔԾ տնօրենի և ԱԱԾ պետի խոսակցության այն հատվածից, որն առնչվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: «Ձեզ հետ խոսե՞լ են այս թեմայով, եթե` այո, ի՞նչ եք ասել Դուք»,- հարցրեց Սարդարյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ երբ ինքը ՀՔԾ պետի թեկնածու էր առաջադրել, նրա հետ պայմանավորվածություն է ունեցել, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան: «Մենք խոսել ենք, որ Հայաստանում չկան անձեռնմխելի մարդիկ, և եթե քննությունը, քննության օբյեկտիվ ընթացքը ինչ-որ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտությանը, պետք է այդ գործողությունն անեն: Եթե կա կալանավորելու անհրաժեշտություն, պետք է դիմել այդ քայլին՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամների: Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, ավանդույթների համաձայն՝ փորձ է արվում ինձնից ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել, և այսպես ասած՝ մաքուր իրավաբանական տեսակետից, եթե որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, այդ գործողությունը քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ինքը Խաչատուրովի կալանավորման մասին իմացել է ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացրել: «Տեղեկացել եմ այդ իրավիճակի մասին, ու քանի որ այդ ժամանակ ես Սանկտ Պետերբուրգում էի, ասել եմ՝ ինչպես պայմանավորվել ենք՝ որևէ քաղաքական խոչընդոտ քննության համար չկա: Ասել եմ նաև, որ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է ձերբակալել կամ կալանավորել, դա պետք է տեղի ունենա: Ես հիմա էլ այդ դիրքորոշումը վերահաստատում եմ»:
Սարդարյանը նշեց, որ, այդուհանդերձ, չպետք է բացառել, որ Փաշինյանի հետ եղած խոսակցություններն էլ կարող են հայտնվել համացանցում: Նա հետաքրքրվեց, թե այդ դեպքում ի՞նչ գործողությունների կդիմի վարչապետը:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ինքը կարող է իր խոսակցությունները հրապարակել, որևէ խնդիր չունի: «Չի կարող լինել ձայնագրություն, որը դուրս է իմ նշած սկզբունքից և տրամաբանությունից: Ձեր դեպքում ես հարցն ավելի ինտրիգային կձևակերպեի, թե՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ, բայց քանի որ ինձ 18 վայրկյան է մնացել պատասխանի համար, ես չեմ կարող և՛ հարցը ձևակերպել, և՛ պատասխանել»,- հավելեց նա: