կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-11 17:48
Քաղաքական

«Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը. Արմենուհի Կյուրեղյան

«Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային ժողովում.

«Սիրելի' հայ ժողովուրդ

Այսօր փորձում ենք կառուցել նոր, արդար, մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովող երկիր:

Իսկ կառուցել, առաջին հերթին նշանակում է դուրս գալ քանդելու, ստորացնելու տրամաբանությունից, ատելության մթնոլորտից:

Մենք իրավունք չունենք չվերանայելու մեր անցած տարիներն ու չխուսափելու արդեն կատարված սխալների կրկնությունից:

Մոտ 25 տարի առաջ էլ ժողովրդի նույն խանդավառությամբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ ունեցանք արդյունքում:

Նրա ու նրա թիմի թողած դաժան ժառանգությունը անվերադարձ սեփականաշնորհված ու թալանված գործարանների տեսքով, մինչև օրս դեռևս չգերազանցված ընտրախախտումների դասերի տեսքով դեռ երկար են խնդիրներ առաջացնելու մեր երկրի համար:

Սիրելի երիտասարդներ, հարցրեք Ձեզ շրջապատող մեծերին: Ճշտեք, թե ինչ դաժան օրեր էին դրանք  և կուզեի՞ք  արդյոք դուք էլ անցնել այդ փորձությունների միջով:

Այդ օրերին ժողովրդին միավորող, հրապարակ հանողը ՛՛Ղարաբաղը մերն է՛՛կարգախոսն էր, ԼՏՊ-ն հմտորեն օգտագործեց այդ ամենը և եկավ իշխանության: Եկավ ու սկսվեց իր իսկական ծրագրի իրականացումը մի թիմով, որը կամ չէր գիտակցում ծրագրի էությունը, կամ էլ լավ էլ գիտակցելով երկիր էր քանդում:

Այս ամենից պետք է հետևություն անել. Ճիշտ է, խիստ կարևոր է, թե ինչ ծրագրով են գալիս հրապարակ առաջնորդները, բայց պակաս կարևոր չէ նաև, թե ինչ թիմով են գալիս և կարող է արդյոք այդ թիմը իրականացնել այդ ծրագիրը:

Մեկը ռազմահայրենասիրությունը կոչում է շիզոֆրենիա, մյուսը Զոյա Թադևոսյանի բերանով նորից հրապարակ է բերում ԼՏՊ-ի առաջնահերթ մոտեցումը Արցախի հարցում, մեկը  հայտարարում է, թե Հայաստանում պետք է ձեւավորվի իրենց թիմի առաջ բերած արժեհամակարգը, իսկ թե որն է դա, կարող ենք միայն ենթադրել՝ տեսնելով աղանդավորական շարժման ակտիվությունը, մարեխուանայի օգտագործման ու համասեռամոլության նկատմամբ չափից դուրս  հանդուրժողականության պահանջները, սորոսականների գերակտիվությունը:

Քաղաքապետի իրենց թեկնածուն առաջ է բերում Վանո Սիրադեղյանի ՛՛Մեր դեմ խաղ չկա՛՛ կարգախոսն ու ժողովրդին բաժանում սևերի ու սպիտակների: Այսօր էլ արդեն ԱԱԾ-ի պետը, փոխարեն պատասխանի, թե այդ ինչպես է ստացվել, որ գախտնալսվել է իր հեռախոսազրույցը, մի բան էլ ինքն է այդ հարցը տալիս: Կներեք, բայց այդ մենք պետք է հարցնենք: Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիների մասին:

Այս ամենը չի կարող չմտահոգել: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը:

Պետք է վերանայել երկրում տարվող կադրային քաղաքականությունը: ՛՛Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի՛՛ նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը:

Պետք է հասկանալ, որ ցանկացած քաղաքական ուժ, ստանալով որոշումների կայացման մենաշնորհի հնարավորություն, չի տարբերվելու նախորդներից, ովքեր էլ լինեն այդ ուժի ներկայացուցիչները:

Այսօր մենք պետք է փոխենք մեր մոտեցումները: Այս հզոր շարժումը, մեր երիտասարդության ներուժը պետք է ուղղել ոչ թե ընդդեմի, այլ հանունի համար»: