կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-12 14:30
Քաղաքական

Երիտասարների հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի և Արցախի հաջողություններն են

Երիտասարների հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի և Արցախի հաջողություններն են

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով՝ ձեր սերնդի առաքելությունը: 

Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման ու հզորացման համար:

Ձեզ գործուն դերակատարություն է վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում:

Ձեր հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի և Արցախի հաջողություններն են, որովհետև դո՛ւք եք զարգացնելու հայրենի մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը և ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում: Ուստի, երիտասարդությանն առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր մասնագիտական կարողությունները լիարժեք դրսևորելու և հաջողությունների հասնելու համար:

Սիրելի  երիտասարդներ,  կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն ու բարօրություն, կամք և նպատակասլացություն: