կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-09 13:17
Քաղաքական

Դա դեռ վարկած է. Արթուր Վանեցյան

Դա դեռ վարկած է. Արթուր Վանեցյան

Այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ ԱԱԾ կողմից հրապարակված այն տեղեկատվությանը, ըստ որի Մարտի 1-ի գործով ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, և որ մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք է հայտնաբերվել Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում:

Արթուր Վանեցյանը նշեց, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ այդ գործարանում թաքցրած է մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք, որից հետո այնտեղ խուզարկություն է կատարվել, գտել են զենքն ու ռազմամթերքը, որը հնարավոր է` առնչվում է 2008թ մարտի 1-ին կիրառված զենքի հետ:

Միաժամանակ Վանեցյանը շեշտեց. «Դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի, պետք է կատարվի համապատասխան փորձաքննություն»:

Հարցին, թե արդյո՞ք Մարտի 1-ի գործով կասկածներ կան Հովիկ Աբրահամյանի հետ կապված: Արթուր Վանեցյանը նշեց. «Կարող եմ ասել միայն, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք նախնական օպերատիվ տեղեկությունների համաձայն, հնարավոր է` օգտագործվել են 2008թ մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ: Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»:

ՀՔԾ պետը արդեն հայտարարել էր, որ հայտնաբերվել են 300 պարկուճներ, որոնք հնարավոր չի եղել իդենտիֆիկացնել: Ուստի շատ հնարավոր է` այդ 300 պարկուճներից մեկը կրակած լինի այդ զենքերից: Լրագրողների ճշտող հարցին, այսինքն կասկած կա, որ դրանք օգտագործվել են ինչ-որ անձանց թիկնազորի կամ կողմնակիցների կողմի՞ց, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Այո»:

Հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է հարցաքննության, Արթուր Վանեցյանը նշեց. «Ճիշտն ասած, չգիտեմ` այս պահին Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է հարցաքննության, թե ոչ, դա երևի ՀՔԾ-ին պետք է հարցնել»: