Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րոպեներ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Պարույր Հայրիկյանին տեսակցելու են այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հիվանդասենյակից մոտից դուրս գալուց հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Հայրիկյանի տրամադրությունը բավականին բարձր էր, անգամ կատակներ էր անում: Վարչապետն ասաց, որ Հայրիկյանը վերականգնման փուլում է, եւ հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կկանգնի:
Yerkir.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե, շփվելով Հայրիկյանի հետ, կարո՞ղ է ասել` նա դիմում կգրի՞ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նախ` չափազանց կարեւոր է Պարույր Հայրիկյանի առողջացման գործընթացը, այնուհետեւ հավելեց. «Երբ նա պատրաստ կլինի նախընտրական գործընթացների մեջ ներգրավվելուն, այն ժամանակ էլ կներգրավվի: Մենք, իհարկե, խոսեցինք այդ մասին, բայց իր կարծիքը նա դեռ հստակ չի կարող ասել. դա կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնի վերականգնման փուլը: Շատ բան կախված է հենց դրանից»:
Yerkir.am-ի թղթակիցը վարչապետից հետաքրքրվեց նաեւ, թե ինչպես է նա վերաբերվում այն տեսակետներին, որ այս ամենի հետեւում կարող են կանգնած լինել դրսի ուժերը, ինչին ի պատասխան Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե այս պահին ոչ մի վարկած բացառելու իրավունք իրենք չունեն:
Իսկ ի՞նչ է կարծում անձամբ Պարույր Հայրիկյանը, նա ե՞ւս քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում: Վարչապետը նշեց, որ իրենց զրույցում Հայրիկյանը եւս որեւէ հստակ գնահատական տալ չի կարողացել, քանի որ հետքերը դեռ թարմ են եւ վաղաժամ է խոսել վարկածների մասին: Տիգրան Սարգսյանը ասաց, որ Պարույր Հայրիկյանի ընտանիքի անդամները շեշտում են, թե չկար այնպիսի մարդ, ով կցանկանար Հայրիկյանի հետ հաշիվներ մաքրել:
Իսկ Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելելո՞ւ է Պարույր Հայրկյանին, Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ բոլոր թեկնածուները չեղյալ են համարել իրենց քարոզչական ծրագրերը, մի շարք պաշտոնյաներ` նաեւ իրենց այցերը, եւ հայտարարեց. «Կլինեն կոնսուլտացիաներ, որոնց ժամանակ էլ կքննարկվեն բոլոր այն տարբերակները, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր թեկնածուների համար, եւ նախընտրական շրջանը չխաթարվի»: