կարևոր
595 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 15:24
Հասարակություն

Այս իշխանության հետ հույսեր չեմ կապում, Փաշինյանի համար Արցախ վերադարձը սպառնալիք է․ Գեղամ Ստեփանյան

Այս իշխանության հետ հույսեր չեմ կապում, Փաշինյանի համար Արցախ վերադարձը սպառնալիք է․ Գեղամ Ստեփանյան

Արցախցիների վերադարձի համատեքստում՝ ես ինձ համար հստակ ունեմ, այսպես ասած՝ պլան-մինիմում, և այդ պլան-մինիմումը այն է, որ ձևավորվի միջազգային հարթակ, որտեղ հնարավորություն ստեղծվի Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությամբ քննարկելու հարցերը։ Սա չկա։ Այս մասին «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 
«Ցավով պետք է արձանագրեմ, որ նաև երեկ պարզ դարձավ, որ լուծարվել է Մինսկի խումբը, որը թեև «դե-ֆակտո» արդեն երկար ժամանակ չէր գործում, բայց «դե-յուրե» հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ»։ 

Անդրադառնալով վերադարձի պայմաններին՝ նա ընդգծեց, որ դրանք են՝ անվտանգություն, արժանապատիվ կյանք, իրավունքների պաշտպանություն, միջազգային ներկայություն։ «Եթե ադրբեջանական իշխանության ներքո հնարավոր լիներ արցախցիների կյանքը, հայ ժողովրդի կյանքը Արցախում, ապա չէր լինի տեղահանությունը, չէր լինի բռնությունը և այլ, և այլ։ Պատերազմը, բռնի տեղահանությունը փաստեցին, որ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ ինքն իրենով կարող է ապահովել այդ իրավունքները և անվտանգությունը։ Մյուս կողմից էլ կա այս ժողովրդի իրավունքը՝ այդ հողի նկատմամբ։ Հետևաբար, միջազգային հանրության անընդհատ պետք է սա հրամցնել, որ այս պետությունը ցեղասպանության է ենթարկել այս ժողովրդին և ճանապարհը»։ 

Հարցին, թե ով պետք է դա անի՝ Ստեփանյանն ընդգծեց, որ շատ հաճախ տարբեր պետություններ ի պատասխան իրենց ասում են, թե չեն կարող Հռոմի պապից կաթոլիկ լինել։ «Այսինքն, մենք չենք կարող հայ ժողովրդից ավելի հայ ժողովրդի համար մտածել։ Սա է իրականությունը, ապրում ենք այս իշխանությունների ժամանակահատվածում, և նաև այդ առումով ինձ համար նաև պլան մինիմումը այն է, որ մինչև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանությունների ձևավորումը, որոնք որ պետական մակարդակով առաջ կմղեն այս հարցը՝ անել ամեն ինչ, որ չփակվի այդ հարցը»։ 

Նա նաև հայտնեց, որ պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ոչ միայն դիմել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նամակով, այլ նաև ինտենսիվ աշխատանք են տարել տարբեր պետությունների հետ, որ հանկարծ որևէ պետություն վետոյի իրավունք չունենա, այդ թվում՝ նաև Հայաստանը։ «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եղել են երկրներ, որոնց հետ մեր աշխատանքի արդյունքում կարող էր վետո կիրառվել, բայց վերջին պահին չի եղել դա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ինտենսիվ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։