կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-18 15:40
Մշակույթ

600 կառույց նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունի

600 կառույց նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունի

Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ օրերս մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել յոթ կառույցի՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրանց թվում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը (Կասկադ):

«Կան ավելի քան 600 կառույցներ, որոնք նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեն: Ինչ վերաբերում է հանրության կողմից լայն քննարկման առարկա հանդիսացող յոթ հուշարձաններին` դրանք արժևորվել են և օրենսդրությամբ պահպանվում են որպես նորահայտ հուշարձաններ: Հետագայում պետական ցուցակներում կստանան հուշարձանի, ոչ թե նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,- ասաց Աբրոյանը:

Անդրադառնալով հուշարձաններին նախկին տեսքը վերադարձնելուն` նա շեշտեց, որ պատմամշակութային արժեքը ենթադրում է տվյալ կառույցի արժեքը, թե ի՞նչ հավելումներ կամ պատմական շերտագրություն այն ունի, այլ խնդիր է:

Արմեն Աբրոյանը խոսեց նաև մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված հուշարձանների ձևափոխման մասին` ընդգծելով, որ դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ ձևափոխումը ծառայում է ի նպաստ հուշարձանի, իսկ հուշարձանը քանդելն ընդհանրապես արգելվում է:

Չանտեսելով «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը` Աբրոյանը փաստեց, որ արձանը դեռևս կարգավիճակ չունեցող կառույցի վրա է տեղադրվել: «Այն տեղադրվել է առանց մշակույթի նախարարության համաձայնության: Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ այն կարող է ենթական լինել տեղափոխման, իսկ տեղը քննարկելի է»,- եզրափակեց Աբրոյանը: