կարևոր
2866 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-09 16:00
Քաղաքական

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»

Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։

«Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաեւ նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։

Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։

Նույն վայրում եւս երկու վարձակալ կա։ Նրանք անտառային նշանակության հողում առանց թույլտվության հողային աշխատանքներ են կատարել։ Նրանցից մեկն էլ Հրազդան գետի հունն է նեղացրել՝ փոխելով գետի հունի բնական տեսքը։ Այս ամենի մասին տեղյակ են պատասխանատուները, սակայն քայլեր չեն ձեռնարկում։

Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) եւ Կարենիս (Գյումուշ) գյուղերը իրարից բաժանվում են Հրազդան գետով՝ գեղատեսիլ կիրճով։ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի առափնյա տարածքներն անտառային նշանակություն ունեն։

Այդ հողատարածքներից 2100 քմ մակերեսով տարածք է վարձակալել «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս տեղեկությունը մենք չենք ստացել Անտառային կոմիտեից, քանի որ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հրաժարվեց մեզ տրամադրել վարձակալների վերաբերյալ տեղեկությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ վարձակալված տարածքի մակերեսի, վարձակալի անվան, վարձակալության վճարի եւ նախատեսվող գործունեության ծրագիրն անձնական տվյալ է, եւ դա տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ վարձակալների թույլտվությունը։ «Հետքը» նախկինում առանց խոչընդոտի վարձակալների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել Անտառային կոմիտեից: Թե ինչու է այժմ Անտառային կոմիտեի նախագահը խուսափում վարձակալների տվյալները հայտնելուց, հետագայում առանձին կանդրադառնանք։

2100 քմ մակերեսով հողամասը վարձակալության տրամադրելու մրցույթը տեղի է ունեցել 2023 թ.-ի մայիսին։ Անտառային կոմիտեի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքում։ Հողամասը վարձակալության է տրվել տարեկան 233 հազար դրամ վճարի դիմաց, 15 տարի ժամկետով։ Վարձակալության նպատակը՝ «հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպում»։

Անտառային հողը վարձակալած «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրել է ոստիկանության գնդապետ Աշոտ Նալբանդյանը 2019 թ.-ին, ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Աշոտ Նալբանդյանը 2016 թ․-ին մասնակցել է Արգել համայնքի ղեկավարի ընտրություններին, սակայն ձայների էական տարբերությամբ պարտվել է ՀՀԿ-ական Մաթեւոս Ավագյանին։

Աշոտ Նալբանդյանը Նարեկ Նալբանդյանի եղբայրն է, որը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո տեղի ունեցած մի քանի բիզնես գործարքներով։ Նախորդ տարի նա ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործի առարկա Մոնումենտի առանձնատունը, իսկ դրանից առաջ Նալբանդյանի հիմնադրած ընկերությունը գնեց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որը պետությանը նվիրել էր Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ փողերի լվացման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը կարճելուց հետո։