Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։ Ագուլեցու վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 16-ին` ժամը 12:00-13:00-ն, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ ք. Երևան, Իսահակյան 1)։ Հուղարկավորությունը՝ Սովետաշենի քաղաքային գերեզմանատանը։
***
Կյանքի 73-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը։
Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականին Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում: 1953 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և արժանացել մրցանակների ու պարգևների։
1966 թ. «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակն առաջինն էր, որին նա արժանացավ դեռևս ուսումնառության տարիներին։ 1967 թ. առաջին մրցանակ ստացավ նաև Անդրկովկասյան ցուցահանդեսում։ 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Հունաստան, Բելգիա, Իրաք։ Մասնակցել է բարեգործական տարբեր ակցիաների։ Նրա կտավները պահպանվում են Հայաստանի և արտերկրի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
Լուսիկ Ագուլեցին արժանացել է մի շարք պարգևների և կառավարական բարձր մրցանակի, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով։
2010 թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը։ Պարգևատրվել է նաև Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով։
Լուսիկ Ագուլեցին հեղինակել է մի շարք գրքեր («Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան» 2004 թ., «Անցյալի Մասունքներ» 2010 թ., «Յուրի Սամվելյան Պատկերագիրք» 2012 թ., «Հայոց տոնածիսական մշակույթն ըստ Լուսիկ Ագուլեցու» 2015 թ., «Հայկական տարազը ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու» 2015 թ., «Լուսիկ Ագուլեցու հոգևոր ճանապարհը» 2018թ.), որոնք արժանացել են տարբեր մրցանակների։ Հիմնել է արվեստի և ազգային մշակույթի յուրօրինակ թանգարան՝ նպատակ ունենալով իր ամբարած հայոց տոնածիսական մշակույթը վերադարձնելու տիրոջը՝ ժողովրդին։