Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանին փետրվարի 9-ին կայանալիք նիստում անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով բնակարան կտրամադրի ազգագրագետ Լուսյա Սամվելյանին՝ Լուսիկ Ագուլեցուն:
Առաջարկվում է Ագուլեցու ընտանիքի կողմից` իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող` Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.126 երեք սենյականոց բնակարանը։
Yerkir.am-ի հետ զրույցում Լուսիկ Ագուլեցին նշեց, որ արդեն երկու տարի է` ինչ իրենց տունը, որտեղ ապրում են, թանգարանի կարգավիճակ ունի: Տանն ամբողջությամբ իրեր են, որոնք ցուցադրվում են, և ապրելու համար տարածքը նեղ է:
«Երբ թանգարանը բացվեց, մշակույթի նախարարը եկավ և ասաց, թե` ձեզ բնակարան է պետք, հնարավոր չէ միաժամանակ ապրել այն տանը, որը նաև թանգարան է: Հետո մեր տուն այցելեց առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով իր համաձայնությունը տվեց` ինձ բնակարան նվիրելու: Ճիշտն ասած` անցած տարի ինձ էլիտար շենքերից մեկում հատկացրին մի բնակարան, բայց վրան աշխատելու շատ բան կար, և ես ասացի, որ այդ գումարը, որը պետք է ծախսեմ բնակարանի վրա, ավելի լավ է` թանգարանիս վրա ծախսեմ: Հետո ինձ ասացին` ուրեմն սպասել է պետք»,- պատմեց Լուսիկ Ագուլեցին` հավելելով, որ հիմա բնակարանն ապահովված է ամեն ինչով:
Ըստ նրա` շատ լավ է, որ կառավարությունը բնակարանը տալիս է անժամկետ և անվարձահատույց: «Ես ինձ միշտ գնահատված եմ զգում, նախ` իմ ընտանիքի կողմից, որ շարունակում են իմ գործը, հետո` արդեն իշխանությունների կողմից: Կապ չունի` ով է եղել իշխանության գլխին»,- ասաց նկարչուհին:
Լուսիկ Ագուլեցին մաղթում է, որ տարոսը լինի բոլոր այն արվեստագետներին, ովքեր ունեն բնակարանի կարիք:
Ի դեպ, Ագուլեցու թանգարանը Կալենցի թանգարանից հետո երկրորդ մասնավոր թանգարանն է, որը ստեղծվել է բացառապես տվյալ ընտանիքների նախաձեռնությամբ: