կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-20 14:27
Մշակույթ

Վերջին հրաժեշտն Անատոլի Գրիգորյանին` վաղը

Վերջին հրաժեշտն Անատոլի Գրիգորյանին` վաղը

Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի մարտի 17-ին, 75 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հայտնի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Անատոլի Հակոբի Գրիգորյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է Անատոլի Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Անատոլի Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 18:00-20:00` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` մարտի 21-ին, ժամը 12:00-14:00 Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

***

Անատոլի Գրիգորյանի վրձնին են պատկանում բազում կտավներ: Ընտրյալներին հատուկ նրբաճաշակությամբ և բանաստեղծական էությամբ նա կարողանում էր կյանքի պարզ և առօրեական դրվագները ներկայացնել արևշատ լավատեսությամբ ու հրաշագործ գեղեցկությամբ: Նա իսկապես ժամանակի հետ քայլող նկարիչ էր և այդ պատճառով նրա աշխատանքները հագեցած են նորույթի պայծառությամբ, թեմայի սուր զգացողությամբ և բացարձակ անկեղծությամբ:

Անատոլի Գրիգորյանը ծնվել է Գյումրիում 1941 թվականի հունիսի 4-ին: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1956-61 թթ. շարունակել ուսումը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1977 թվականից` ընտրվել միության պատասխանատու քարտուղար:

Անատոլի Գրիգորյանը մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, բազմիցս կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները: Հայաստանից բացի, արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում և պահպանվում  են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

Գնահատելի է Անատոլի Գրիգորյանի մանկավարժական գործունեությունն ու հայկական կերպարվեստի նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում անուրանալի ներդրումն ու վաստակը. 1990 թվականից մինչ իր կյանքի վերջին օրերը Անատոլի Գրիգորյանը դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 2003 թվականից ղեկավարում էր գեղանկարչության ամբիոնը:

Անատոլի Գրիգորյան-արվեստագետի, քաղաքացու, մտավորականի վառ կերպարը երկար կմնա արվեստի սիրահարների, նրա ընկերների և մտերիմների սրտերում, իսկ հայկական կերպարվեստի նշանակալի էջերից մեկը հանդիսացող նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը դեռ երկար կոգեշնչի սերունդներին: