կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-12 23:55
Քաղաքական

Հայաստանը Եվրոպայի մոտ հայցորդ կամ խնդրող չէ. Փաշինյան

Հայաստանը Եվրոպայի մոտ հայցորդ կամ խնդրող չէ. Փաշինյան

 Երևանից Բրյուսել ճանապարհին, օդանավակայանում վարչապետ նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Խոսելով Բրյուսել կատարած այցի արդյունքների մասին, նա նշեց, որ բազմաթիվ հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել ծանոթությունների լայն շրջանակ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, հրավերներ: Փաշինյանը ընդգծեց, իր բոլոր հանդիպումներում ասում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի իշխանությունների համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ` արժեքային համակարգ:

«Ես կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք հաջողությամբ, վերադարձ նախկին ռեժիմին չի լինելու»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ արտաքին գործընկերների աջակցությամբ կարող են արագ իրականացնել այդ բարեփոխումները, միաժամանակ Հայաստանը Եվրոպայի մոտ հայցորդ չէ, խնդրող չէ, Հայաստանը գիտի իր անելիքները, այդ Եվրոպայի գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները:

Վարչապետի խոսքով` ԵՄ գործընկերները ոգևորիչ հայտարարություններ են անում, մինչդեռ քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, և շոշափելի փոփոխություն չկա: Ըստ Փաշինյանի, ԵՄ-ն կամ պետք է իջեցնի ոգևորիչ հայտարարությունների տոնայնությունը, կամ էլ փոխի քաղաքականությունը:

ԵՄ-ից սպասվում է Հայաստանին մոտ 160 միլիոն եվրոյի աջակցություն, և Փաշինյանը տարակուսանք հայտնելով`    ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ իրենց հայտարարությունների տոնայնությունն ու իրականացավող քայլերը պետք է գտնվեն նույն մակարդակի վրա:

«Տարիներ շարունակ ԵՄ-ն տասնյակ միլիոնավոր եվրոներ է ծախսել Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների վրա: Դատա-իրավական ոլորտում մենք մեկ շաբաթում ի վիճակի եղանք անել այն, ինչ տասնհինգ տարում չեն կարողացել անել, առանց փող ծախսելու»,- ասաց Փաշինյանը: