կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 16:10
Տարածաշրջան

Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը գերազանցել է քրդերի թիվը

Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը գերազանցել է քրդերի թիվը

Ըստ demokrathaber.org-ի` Գերմանիայի փախստականների հարցերով դաշնային վարչությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել Թուրքիայից ստացված` ապաստանի խնդրելու դիմումների վերաբերյալ։

Այսպես` 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի` Գերմանիայից ապաստան խնդրող քաղաքացիների թիվը շարունակաբար աճում է։ Վիճակագրության համաձայն՝ վերջին շրջանում ապաստան խնդրողների կրթամակարդակի նկատելի փոփոխություն է գրանցվել։ Պարզվել է, որ 2018թ․ առաջին կեսին Թուրքիայից դիմողների 48 տոկոսը բարձրագույն կրթություն է ունեցել, այն դեպքում, երբ այլ երկրներից ապաստան խնդրողների միայն 17 տոկոսն է համալսարանական կրթություն ունեցել։

Միևնույն ժամանակ, արձանագրվել է, որ ապաստան խնդրողների կրթության մասին տվյալները որևէ կերպ ապացուցված չեն, այլ հիմնված են միայն դիմողի  հայտարարության վրա։ Ուստի հնարավոր է համարվում, որ ապաստան խնդրողները պարզապես ցանկացել են բարձրացնել դրական պատասխան ստանալու հավանականությունը՝ իրենց ներկայացնելով  որպես ավելի հաջողակ։

Թուրքիան 2018թ․ 6-րդ տեղն է զբաղեցրել Գերմանիայից ապաստան խնդրած քաղաքացիների թվով։ Թուրքիայից դիմել է, ընդհանուր առմամբ, 10․655 քաղաքացի։ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել էր 8․483։  Դաշնային վարչությունում համոզված են, որ դիմումների թվի աճը պայմանավորված է Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակով։

Ուշագրավ է նաև, որ 2016թ․ Գերմանիայից ապաստան էր խնդրել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 4․383 քուրդ, 1․197 թուրք։ 2018թ․ ապաստան խնդրած քուրդ քաղաքացիների թիվը կազմել է 4․067, իսկ թուրք քաղաքացիներինը՝ 5․776։

Հեղաշրջման փորձից հետո փոխվել է նաև ապաստան խնդրողներին տրված դրական պատասխանների թիվը։ Եթե 2016թ․ բավարարվել է ապաստանի դիմում ներկայացրած քուրդ և թուրք քաղաքացիների միայն 7 տոկոսի դիմումը, ապա 2018թ․ նոյեմբերի դրությամբ, ընդհանուր առմամբ, բավարարվել է Թուրքիայից դիմած քաղաքացիների 40 տոկոսի դիմումը։ Ընդ որում` դրական պատասխան է տրվել թուրք դիմորդներից 7 տոկոսի, իսկ քուրդ դիմորդներից՝ 12 տոկոսի հայցին։

Ուշագրավ է նաև, որ 2018թ․ Գերմանիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիներից 316-ն ունեցել են դիվանագիտական անձնագիր, իսկ 115-ը եղել են պետական պաշտոնյա։