կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 12:10
Հասարակություն

Կանխավճարը շահառուի պատասխանատվության ամրագրումն է. փոփոխություններ` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»-ում

Կանխավճարը շահառուի պատասխանատվության ամրագրումն է. փոփոխություններ` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»-ում

Երեկ կառավարության նիստում հաստատվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողներին հայտնեց, որ փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվելու, քանի որ ծրագիրը չի կարող կյանքից կտրված լինել:

Երեկ կատարված փոփոխություններից առաջինը, ըստ նրա, այն է, որ ավելացվել է ծրագրի շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը` 60-ից դառնալով 65-ի, այսինքն` ծրագրին դիմող ամուսինների գումարային տարիքը պետք է չանցնի 65-ի շեմը:

«Բացի այդ` բարձրացվել է ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքը` 16 մլն դրամի փոխարեն հասնելով  25 մլն-ի, իսկ բնակարանի ձեռք բերման համար կառավարության կողմից տրամադրվող վարկավորումը կհասնի 17,5 մլն-ի՝ նախկին 11,2 մլն դրամի փոխարեն: Եվս մեկ կարևոր փոփոխություն է արվել` հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, իսկ, ընդհանուր առմամբ, կանխավճարը կտատանվի 10-30 տոկոսի սահմաններում` նայած, թե ինչ արժեք ունի բնակարանը»,- ասաց Քարամյանը:

Նա նշեց նաև, որ դժգոհությունը, թե կանխավճարը շատ է, պետք է այլևս չլինի, քանի որ կանխավճարի շեմն իջեցվել է: Իսկ ինչ վերաբերում է առանց կանխավճարի բնակարաններ տրամադրելուն, ապա, ըստ Քարամյանի, դա իրական չէ, քանի որ կանխավճարը շահառուի պատասխանատվության ամրագրումն է: «Մենք «Շահառուների ուղեցույց» ենք տպագրել, որը շուտով կվերահրատարակվի ներկայիս փոփոխություններով, և բանկերը կտրամադրեն պոտենցիալ շահառուներին»,- ասաց նա:

Քարամյանը տեղեկացրեց նաև, որ 2010-ի հունվարի 29-ից /երբ ծրագիրը սկսեց կյանքի կոչվել/ մինչ 2016-ի մարտի 9-ը 2034 վարկ է տրամադրվել` 15 մլրդ 237 մլն դրամ դրամագլխով: