կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 14:40
Հասարակություն

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմաններն ավելի են ընդարձակվել

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմաններն ավելի են ընդարձակվել

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում (Ծրագիր) փոսփոխություններ անելու մասին հարցը:

Ծրագրում կատարված փոփոխությունների եւ լրացումների նպատակն է`
• առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների 
ներգրավել Ծրագրում, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը,
• Ծրագրի հետագա աշխուժացումը՝ վերջին տարվա ընթացքում նկատվել է Ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:

Նշենք, որ Ծրագրում, մասնավորապես, իրականացվել են հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները`

- ավելացվել է Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝
• երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,
• ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:

- ավելացվել է Ծրագրի ներքո ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքը` մասնավորապես, սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

- ավելացվել է Ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:

- Երեւան քաղաքում եւս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:

Որոշումը ներկայացնող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այն անձինք, ովքեր կարող են ապահովել հիփոթեքը նաև այլ գրավով, նրանց համար նախատեսվում է նվազագույն կանխավճար՝ 10 տոկոս:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը խնդիր է դնում աշխուժացնել ծրագիրը և ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ներգրավել դրանում՝ աչքի տակ ունենալով ոչ միայն աջակցությունը երիտասարդ ընտանիքներին, այլև ՀՀ-ի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրների լուծումը:

«Այդ իսկ պատճառով մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ ամուսնական տարիքի շեմը` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, աճել է: Որքան էլ խոսակցություններ առկա չեն, որ անշարժ գույքի գներն անկում են ապրում, բայց իրականում, թեև շուկան մի փոքր պասիվացած է, այնուամենայնիվ, գնանկում չկա: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ առաջարկում ենք ծրագրում փոփոխություն կատարել»,- ասաց նա:

Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքի բնակարանի ձեռք բերման վարկի տոկոսդրույքը, ինչի արդյունքում` Երեւանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8-9 տոկոս, իսկ մարզերում` 6-7:

Փոփոխությունը կգործի արդեն հաջորդ շաբաթվանից: