Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուրջ չորս ամիս առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով լուծարվեց Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմը: Փհենչհանում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կատարված տհաճ միջադեպից հետո դեռևս հավաքականի նոր թիմ չի ձևավորվել:
Լեռնադահուկային սպորտի երեք առաջատարներն այժմ մարզվում են անհատական գրաֆիկով: Yerkir.am-ի տեղեկություններով` լեռնադահուկորդներից Վազգեն Առաքելյանն արդեն մի քանի ամիս է մեկնել է ԱՄՆ և մարզումները շարունակում է այնտեղ:
Նշենք, որ Վազգեն Առաքելյանը մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի, եղել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնության մրցանակակիր: Վազգեն Առաքելյաննը 2018թ. օլիմպիական խաղերից առաջ վնասվածք էր ստացել և բաց թողել վարկանիշային վերջին մրցաշարը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վազգենը նշեց, որ ԱՄՆ-ում մարզվում է հայ մարզչի` Արսեն Հարությունյանի մոտ: Վերջինս 1998թ. և 2002թ. ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացել է Հայաստանի դրոշի ներքո:
«Հայաստանում մենք մարզվելու մեծ խնդիր ունենք. նախ եղանակային պայմանները, մարզիչների որոկավորման պակասը և այլն: Ծաղկաձորում այդքան էլ շատ չենք կարողանում մարզվել, սահուղիները հիմնականում ծանրաբեռնված են արտերկրից ժամանած մարզիկներով և զբոսաշրջիկներով: Ես մեծ դժվարությամբ կարողացա մեկնել ԱՄՆ, որպեսզի այնտեղ մարզվեմ և օգտակար լինեմ երկրիս»,-ասաց նա` նշելով, որ ԱՄՆ-ում մշտական բնակության մտադրություն չունի:
Վազգենի նպատակը հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելն է: «Ես գիտեմ, որ մարզական հաջողությունների համար հարկավոր է քրտնաջան մարզվել, առջևում երեքուկես տարի կա, ամեն ինչ անելու եմ, որ այս ընթացքում բարելավեմ արդյունքներս»,-ասաց նա` նշելով, որ վերադառնալուց հետո կմիանա Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականին, եթե իհարկե հավաքականը ցանկանա: