կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 12:47
Առանց Կատեգորիա

Պետք է լինի իշխանություն, որն ի վիճակի է խոսել մյուս կողմի հետ, լուծումներ ապահովել

Պետք է լինի իշխանություն, որն ի վիճակի է խոսել մյուս կողմի հետ, լուծումներ ապահովել

lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը:

-Պարոն Բալայան, երկու օր առաջ խախտվեց հրադադարը և մենք վիրավոր ունենք: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը:

-Իհարկե, այսօր բնակչությանը ամենաշատը մտահոգող հարցը անվտանգությունն է, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ հետպատերազմայն ընթացքում ամեն բան հարթ լինել չի կարող: Այսինքն թշնամանքը գոյություն ունի և ժամանակ է պետք, որպեսզի մթնոլորտի լիցքաթափում լինի: Դա, իհարկե, չի նշանակում, որ այս ուղղությամբ ձեռնարկումներ չպետք է լինեն: Ամբողջ սահմանի երկայնքով մեր զինված ուժերը պետք է որոշակի վերահսկողություն սահմանեն: Բնականաբար ռուսական զորամիավորման հետ պետք է համագործակցություն լինի և կանխվեն նման դեպքերը:

-Արցախի ուղղությամբ այս կրակոցներն ինչի՞ մասին են խոսում: Ռուս խաղաղապահներն ինչպե՞ս են իրենց առջև դրված խնդիրը լուծում: Գո՞հ եք, թե դժգոհ:

-Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ կրակի դադարեցման ռեժիմը վերահսկվում է: Ըստ էության, 1-2 դեպք է արձնագրվել, որոնցից մեկը դա էր, որ մեր ԶՈՒ ուղղությամբ էին կրակել, ևս մի քանի դեպք է եղել, երբ խաղաղ բնակչության ուղղությամբ են կրակել: Կարծում եմ՝ պայմանավորվածությունները պետք է այնքան հստակեցվեն, որ համապատասխան ռեժիմ սահմանվի, որ կրակի պարագայում միջոցառում իրականացվի: Տվյալ պարագայում դա պետք է ռուսական կողմն անի, որովհետև անմիջական կապը թե հայկական, թե ադրբեջանական կողմերի հետ ռուսական զորամիավորման ղեկավարության կողմից է կատարվում:

Կարծում եմ ճիշտ չի հարցադրում անել գոհ կամ դժգոհ լինելու առումով: Ստեղծվել է նոր իրավիճակ։ Եթե նախկինում կար սահման, մեր զորքերը հսկում էին այդ սահմանը, և անվտանգության գործակիցը ավելի մեծ էր: Բայց հիմա այդ սահման հակացողությունը կարծես թե խախտված է: Առաջ ամբողջ սահմանը բաժանված էր հակառակորդից, հիմա դա չկա: Մյուս կողմից, սահմանն էլ չի հստակեցված: Կարծում եմ՝ այդ հարցերը ժամանակի ընթացքում պետք է հստակեցվեն: Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացը բարձր մակարդակով պետք է լինի երկու երկրների միջև՝ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ իրականացվի, որպեսզի հստակեցվի, թե որ տարածքը որ երկրին է պատկանում, որ համապատասխանաբար տվյալ երկրի զինված ուժերը կանգնեն սահմանների երկայնքով: Այդ հարցերը ժամանակի ընթացքում կկարգավորվեն:

-Ինչպե՞ս եք գնահատում հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը, որտեղ հնարավոր չեղավ ռազմագերիների հարցում որևէ լուծման հանգել:

-Անկեղծ ասած, դեռ այդ հանդիպման նախօրեին, երբ լրագրողը հարցրեց սպասելիքներից, ասացի, որ էական սպասելիք չունեմ, և այդպես էլ եղավ: Այդպես էի կարծում, որովհետև պարտված կողմի հետ այդպես էին վերաբերվելու: Դրա համար պետք է լինի իշխանություն, որն ի վիճակի է խոսել մյուս կողմի հետ, լուծումներ ապահովել: Պետք է հենց այդ ճանապարհով գնալ: Ոչ մի երկիր, առավել ևս քո հակառակորդը պարտված կողմի հետ չի նստի ու լրջորեն հարցեր քննարկի: Ինչ վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը, ապա կարծում եմ՝ դրանից ավելի շատ հակառակորդ կողմը կշահի, քան մենք: Տվյալ պարագայում նրանք Նախիջևանի հետ կապի խնդիրն են փորձում լուծել: Դա իրենց մտահոգող հարցն է 20-րդ դարի սկզբից սկսած: Այդ բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ապացուցվեց, որ հայկական կողմը ի վիճակի չէ նստել ու հարցի մինչև վերջ լուծումն ապահովել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ