կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 15:58
Հասարակություն

Հակված ենք պետությունից գողացված գումարները պետբյուջե վերադարձնելուն. Արթուր Վանեցյան

Հակված ենք պետությունից գողացված գումարները պետբյուջե վերադարձնելուն. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի շտապում հայտնել, թե որ ոլորտներում կամ գերատեսչություններում են բացահայտումներ սպասվում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հորդորեց սպասել մի քիչ, և կտեսնեն բոլորը:

Հարցին՝  այդ բացահայտումները որքա՞ն գումար կբերեն բյուջե, Վանեցյանը պատասխանեց. «Դրա մասնագետը չեմ։ Կարող եմ արձանագրել միայն խախտումները, իսկ ֆինանսական տվյալները կարձանագրի ՊԵԿ-ը»։ Նրա խոսքով՝ իրենց նպատակը գողացած գումարները պետբյուջե վերադարձնել է։

Անդրադառնալով «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների ու ծանոթների անվամբ գրանցված 461 ԱՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, ԱԱԾ տնօրենն ասաց, որ իրենք հակված չեն մարդկանց ձերբակալել, նստեցնել։ «Մենք հակված չենք սկսել ինչ-որ ռեպրեսիվ գործողություններլ և մարդկանց ձերբակալել, ավելի հակված ենք պետությունից այս կամ այն ճանապարհով շրջանցված գողացված գումարները վերադարձնել պետբյուջե: Բոլորն ասում են, որ ինչ-որ գործի հետևում կանգնած է մեկը, բայց հավատացեք` իրավական առումով բավականին բարդ է և գրեթե անհնար, իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, նրանց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ, ոչ արդարացի է, և քրեական հոդվածը, որով հարուցվում են քրգործերը, նախատեսում են պետբյուջեի վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճել»,- նշեց նա։

ԱԱԾ տնօրենն ասաց, որ կլինի քննություն, որին կհրավիրվեն նաև այն պաշտոնատար անձինք, ովքեր տեղյակ են եղել այդ գործողություններից: «Եթե չեն կարողանա տալ հստակ պատասխաններ իրենց գործողությունների մասին, նրանք կներգրավվեն քրգործում` որպես մեղադրյալներ»,- ասաց Վանեցյանը։

Հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահը պատասխանատվության կենթարկվի՞, նա արձագանքեց. «Նախկին ղեկավարներ ասելը չի նշանակում, որ Վարդան Հարությունյանն է։ Հրավիրվելու են  ՊԵԿ երկու նախկին նախագահները ևս: Քննություն է կատարվում, ես չեմ կարող ասել ձեզ բոլոր մանրամասները»: