կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 15:05
Քաղաքական

Փաշինյանն առաջինն իր և իր ընտանիքի նկատմամբ պիտի վեթինգ կիրառի, երբ կինը չի մերժում պետությունից գողացված գումարները. Փոստանջյան

Փաշինյանն առաջինն իր և իր ընտանիքի նկատմամբ պիտի վեթինգ կիրառի, երբ կինը չի մերժում պետությունից գողացված գումարները. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համար դատարանների մուտքերի արգելափակման` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն ընդունելի չէր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների նկատմամբ ճնշում բանեցնելու առաջին դեպքը չէ սա, և հիշեցրց ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցությունները:

«Սա էլ այդ պատվերի ներքո էր: Եթե կա դատարանների, արդարադատության իրականացման հետ կապված խնդիր, գործող իշխանությունը, որը մեծամասնություն ունի ԱԺ-ում, կարող է հրավիրել դատախազին և նրանից հաշվետվություն պահանջել, բայց ոչ թե մասնավոր մի գործի վերաբերյալ, այլ ընդհանուր դատաիրավական համակարգի, թե կա՞ն, արդյոք, կոռուպցիայի վերաբերյալ գործեր, որոնք չեն ունեցել հաջողություն, որո՞նք են դրանք, քանի՞սն են դրանք: Մինչդեռ այս ամենի վերաբերյալ որևէ հաշվետվություն, վերլուծություն չկա: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի որպես հետևանք, փորձում է դիմել ծայրահեղ միջոցների, որոնց թվում է դատարանների շրջափակումը: Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործը, ապա այդպիսի կոչ նա չէր անի, այն դեպքում, երբ մեկ տարի է` մեր քաղաքացիները բողոքում են դատական համակարգից, դրա անարդյունավետությունից, արդարադատություն իրականացնել խուսափելուց, բայց ոչ մի արձագանք չի եղել: Եվ միայն այս դեպքում, երբ նրան չգոհացրեց այդ որոշումը` Քոչարյանի հետ կապված, նա որոշեց մի քանի ժամով շրջափակել դատարանները, բայց արդյո՞ք դրանով ինչ-որ խնդիր լուծվեց: Գագիկ Հարությունյանի հեռացմամբ դեռ ոչինչ չի փոխվելու մեր հանրության մեջ, քանի որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանն էլ հեռացավ, բայց ռեժիմը, որը գործում էր 30 տարի, շարունակում է գործել: Անձերով չէ պայմանավորված խնդիրների լուծումը, այլ համակարգային փոփոխություններով, որին միտված որևէ քայլ այս կառավարությունը չի ձեռնարկել, այլ ընդամենն ապահովել է տեսարաններ»,- նշեց Փոստանջյանը: 

Անդրադառնալով անցումային արդարադատությանը` նա շեշտեց, որ նախ պետք է Սահմանադրությունը փոխել, ինչի համար ժամանակ է պետք: «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ունի այդ ժամանակը: Երկրորդ՝ որտեղից որտե՞ղ անցում. Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսվում է 2008-ից, մինչդեռ մեր հանրության համար այդ անցումը պետք է ապահովենք 1991-ից սկսած: Ինչ վերաբերում է վեթինգին, ապա դա այնպիսի մեխանիզմ է, որն անընդհատ պիտի կիրառվի: Հիմա Նիկոլ Փաշինյանն իրենից պիտի սկսի, իր ընտանիքի անդամներից, բայց ինքն իր նկատմամբ դա չի ցանկանում կիրառել և որոշել է միայն դատավորների նկատմամբ իրականացնել՝ չունենալով համապատասխան կառուցակարգեր, օրենսդրություն և ժամանակ: Դրա համար պետք է լուրջ օրենսդրություն ունենան, մասնագիտական ապահովում: Իհարկե, այս պահին վեթինգի հետ կապված որոշ մեխանիզմներ ունենք, սա գործընթաց է, որը միանվագ չի իրականացվում՝ հայտարարագրեր, հաշվետվություն, դատախազի կողմից հաշվետվության ներկայացում ԱԺ-ում: Կրկնում եմ՝ Փաշինյանը չի ցանկանում, որ իր նկատմամբ վեթինգ կիրառվի, երբ օգտագործում է Սերժ Սարգսյանի կեղծած Սահմանադրությունը, իսկ նրա տիկինը չի մերժում մեր պետությունից գողացված գումարներն իրեն տրամադրելը: Նրանք ունեն գործարք Սերժ Սարգսյանի հետ, այդ մասով չեն ցանկանում վեթինգի կամ զտման գործընթաց, բայց դատավորների վերաբերյալ նրանք դա ցանկանում են»,- պնդեց Փոստանջյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանը պետք է սկսեր բանակում զինվորների սպանության գործերից, այս ուղղությամբ ի՞նչ գործընթաց է եղել, որևէ զեկույց չկա, մինչդեռ վեթինգն այստեղից պիտի սկսվեր նաև: