կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-03 22:58
Արցախ

Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով

Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով

Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։ 

«2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը միջադեպի վերաբերյալ, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը: 

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։