կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 11:31
Քաղաքական

2017-ին նախագահի կողմից շքանշաններով, մեդալներով պարգևատրվել և կոչումներ է ստացել 727 անձ

2017-ին նախագահի կողմից շքանշաններով, մեդալներով պարգևատրվել և կոչումներ է ստացել 727 անձ

Աժ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի կատարողականը ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Նա տեղեկացրեց, որ 2017-ին նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 888 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 4 մլրդ 626 մլն դրամ: Փաստացի ծախսը, նրա խոսքով, կազմել է 3 մլրդ 998 մլն դրամ, կատարողականն էլ 83,93 տոկոս է եղել: Նա նշեց, որ իրականացվող ծրագրերը եղել են 11-ը:

«Համեմատության համար ասեմ, որ նախագահի աշխատակազմ պետական մարմինը չունի իրականացվող ծրագրեր, միայն գործադիր իշխանության պահպանման ծախսերն են և աշխատավարձեր: Ունի մեկ ծրագիր՝ կարողությունների զարգացման, 155 հաստիքային միավոր, պետական բյուջեով պահպանման ծախսերի համար հատկացված է 1 մլրդ 723 մլն դրամ»,- ասաց նա:

Տարասյանը նշեց, որ 2017 թվականի ընթացքում կատարված ծախսի արդյունքում առաջացել են 619 մլն դրամի տնտեսումներ: Նա հայտնեց, որ հիմնականում տնտեսումներ առաջացել են 81 հաստիքային միավորի կրճատման հետևանքով, օտարվել է 20 ծառայողական մեքենա:

«Գործուղումների ծախսերից տնտեսվել է 97 մլն դրամ, էներգետիկ ծառայություններով` 35 մլն դրամ և այլն»,- հայտնեց Տարասյանը:

Նա նշեց, որ քաղաքացիություն է ստացել 8099 անձ, հատուկ կացության իրավունք է շնորհվել 495 անձի:

Անդրադառնալով նախագահի կողմից 2017-ի ընթացքում պարգևատրվողներին, Տարասյանը տեղեկացրեց. «Նախագահի կողմից շքանշաններով, մեդալներով է պարգևատրվել և կոչումներ ստացել 727 անձ, նախագահի մրցանակներ են շնորհվել 92 անձի, նախագահի պետական մրցանակներ են շնորհվել 12 անձի, նախագահի շնորհակալագրերով է պարգևատրվել 38 անձ»:

Նա հայտնեց, որ վարչական օբյեկտների շինարարություն և վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրերի համար նախատեսվել է 300 մլն դրամ, տարվա ընթացքում այդ գումարը չի ծախսվել և վերադարձվել է բյուջե:

«Արտասահմանյան գործուղումներով` Ղրղզստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են գործուղվել Բիշքեկ, ինչի համար տրամադրվել է 2 մլն 426 հազար դրամ: «Աջակցություն արհմիություններին» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 200 մլն դրամ: Ճշտված պլանը եղել է 160 մլն, փաստացի ծախսը՝  155 մլն դրամ: Իրականացվել է 117 միջոցառում, որոնցից 78 տոկոսը` մարզերում, 11 տոկոսը՝ Երևանում, 6 տոկոսը` Արցախում, և ընդամենը մեկ ծրագիր արտասահմանում է անցկացվել»,- հայտնեց Տարասյանը:

Նա նշեց նաև, որ «Հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում» և Հետբուհական մասնագիտության կրթության ուսուցում, ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով հատկացվել է 165 մլն դրամի չափ գումար, որն ուղղվել է պետական կառավարման ակադեմիային: