կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 17:52
Հասարակություն

Քրեակատարողական ծառայության՝ պատերազմին մասնակցած ծառայողները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Քրեակատարողական ծառայության՝ պատերազմին մասնակցած ծառայողները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 555-Լ որոշմամբ առաջին անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համար սահմանվել են «Վաստակի համար», «Օրինականության ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» և «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալները։ Խրախուսանքի այս տեսակի՝ օրենսդրորեն ամրագրմանը նպաստել է նաև Արդարադատության նախարարությունն իր գործուն աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՔԿԾ-ն:

Վերոնշյալի կապակցությամբ 2021թ․ մայիսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Ծառայության կենտրոնական մարմնի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝  անձամբ հանձնելու անդրանիկ մեդալներն իրենց ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարած, հայրենիքի պաշտպանության համար մղվող ծանր մարտական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած ծառայողներին։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ իրականացված ռազմական գործողություններին դիմակայելու, հայրենիքը պաշտպանելու համար կամավորության սկզբունքով ռազմական գործողություններին մասնակցել է Քրեակատարողական ծառայության համակարգի շուրջ 200 ծառայող։ 

Ծառայության պետը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ռազմական գործողություններին մասնակցած կամավորներին երկրի համար վտանգավոր այդ պահին դրսևորած կամքի և որոշման համար, «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» անդրանիկ առաջին և երկրորդ համարների մեդալները շնորհել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման  բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Կարո Մանուկյանին և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Ատոմ Մխիթարյանին։

Միևնույն ժամանակ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, հիմնարկի տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը բազմիցս կանխելու համար ՀՀ ԱՆ  «Սևան» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Էդգար Տոնիկյանը պարգևատրվել է «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, իսկ նույն հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Գագիկ Գրիգորյանը՝ «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով։

Պարգևատրման արարողության ավարտից հետո Ծառայության պետը շրջայց է կատարել «Սևան» ՔԿՀ-ի բնակելի տարածքում, ծանոթացել ազատազրկման ենթարկված անձանց կացության պայմաններին, ինչպես նաև հանդիպել և զրուցել է դատապարտյալների հետ նրանց հուզող թեմաներով։