կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 15:48
Քաղաքական

Փաշինյանը` ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին

Փաշինյանը` ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին

ԱԺ-ում շարունակվում է վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼԳԲՏ համայնքին: Նա ասաց, որ հանձնարարել է ճշտել, թե ԼԳԲՏ ինչ ֆորում են անցկացնելու:

«Ինձ համար ընտանիքը բարձրագույն արժեք է, և դրանում ոչ մի կասկած չկա: Բայց ուզում եմ ձեզ մի դեպք պատմել: Փարիզում հյուրանոցում սուրճ պատվիրեցի, բերեցին սենյակ: Սուրճ բերողը հայ էր, այստեղի մարզերից մեկից: Չեմ ուզում ասել, թե որտեղից: Ճշտեցի` չի ուզում գալ Հայաստանում ապրել: Ասաց` պարո'ն վարչապետ, ինչ եք ասում, հազիվ եմ փախել Հայաստանից: Հիմա ես էստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը մեր քաղաքից է»,- պատմեց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա կարծիքով` մենք այս խնդիրը քննարկելիս պետք է հասկանանք` սա մեզ համար պրոբլե՞մ է, թե՞ չէ: «Մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում ու աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որ ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Եթե կան այդ մարդիկ, մենք պետք է որոշենք` մենք ինչ ենք անում այդ մարդկանց: Սովետական միության մեջ պարզ էր` եթե մարդը էդպիսին էր բանտ էին նստեցնում, դրանից շատ ավելի առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին: Այսօր մենք ի՞նչ ենք անելու: Ինձ համար, որպես վարչապետ, ինչքան այդ թեման քիչ բարձրանա, այնքան լավ, որովհետև դա գլխացավանք է, որովհետև մի մասը կասի` պաշտպանում եք, մի մասը կասի` մեր իրավունքները ոտնահարում եք: Եկեք որոշենք` ինչ ենք անում` քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացնում, այդ մարդկանց հավաքում, դուրս ենք անում, ընդունում ենք, որ կան այդպիսի մարդիկ և ասում ենք` քարոզչություն մի' տարեք ձեր համայնքը ընդլայնելու համար, չգիտեմ, սա լուրջ հարց է: Ես մտածում եմ, որ մեր կառավարությունը այս հարցից ինչ-որ ձևով կխուսափի: 10-20 տարի հետո գալու է ղեկավարություն, որ պետք է այս հարցի հետ կապված որոշում կայացնի` տանկերը հանում-տրորո՞ւմ է այդ մարդկանց, թե՞ ընդունում է: Ամենախիստ պետությունում նույնիսկ այդ մարդկանցից թեկուզ քիչ տոկոս, բայց կա, գոյություն չունի մի պետություն, որ չունենա այդ համայնքի ներկայացուցիչներից: Ինձ համար ավանդական հայկական ընտանիքից բարձր այլ արժեք չկա: Իրականում սա այդքան հեշտ չէ, կամ էլ մենք պետք է այսպես շարունակենք` մինչև լուծում գտնենք հարցին»,- եզրափակեց Փաշինյանը: