Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում և նշել, որ դա վկայում է ոչ միայն ֆրանկոֆոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ առկա մեծ վստահության մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Վարչապետն առանձնակի շեշտել է գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի անցկացման կարևորությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի Հայաստանում տնտեսական ակտիվության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկրում առկա են ֆրանսերենի ուսուցման լավ ավանդույթներ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի այդ լեզվի ուսուցմանը հայ ժողովրդի շրջանում:
Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև տեղի ունեցած իշխանափոխության ընտրված ձևի և բովանդակության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները եղել են ֆրանկոֆոն պետությունների ուշադրության կենտրոնում և նշել, որ դրանց արդյունքում Հայաստանը դարձել է օրինակելի պետություն: «Տիկին գլխավոր քարտուղարը խնդրել է փոխանցել, որ ինքը վստահում է Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման հարցում: Վստահ ենք, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով»,- ասել է Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև գագաթնաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։