կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 11:48
Քաղաքական

Պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը փոխելու անհրաժեշտություն կա. Սուրեն Քրմոյան

Պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը փոխելու անհրաժեշտություն կա. Սուրեն Քրմոյան

ԱԺ-ն քննարկում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին:

Նա նշեց, որ դեռևս նախորդ տարի  ընդունված օրենքով այս համակարգն արդեն իսկ ինստիտուցիոնալ առումով բարելավվեց, քանի որ սահմանվեցին դատապարտյալների իրավունքները՝ նրանք ներկա պետք է գտնվեն գործի քննման ամբողջ գործընթացին, սահմանվել են ազատման հստակ չափանիշները: «Այդուհանդերձ, 2015 թվականի սահմանադրական փոփոխության արդյունքում մենք այս ինստիտուտը փոխելու անհրաժեշտություն ենք տեսնում՝ համապատասխան իրավական կարգավորումները հստակեցնելու առումով: Բացի սրանից` նաև գործնականում այս ինստիտուտի հետ կապված առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես` առանց դատապարտյալի հետ համաձայնեցնելու, մենք գործընթաց են սկսում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, ինչը նշանակում է, որ այս պրոցեսում դատապարտյալի կամաարտահայտությունը բացակայում է: Հանձնաժողովը հասարակական հիմունքներով է աշխատում, ինչի հետևանքով մենք խնդիր ունենք` այդ հանձնաժողովը ժամանակին հավաքելու հետ կապված»,- ասաց փոխնախարարը:

Քրմոյանի խոսքով` խնդիր կա այն գործիքակազմի հետ, որով որոշվելու է դատապարտյալների կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը: Նա տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է փոխել ինստիտուցիոնալ համակարգը: «Առաջարկում ենք, որպեսզի պատժից վաղաժամկետ ազատման ժամանակը լրանալու դեպքում մասնագիտացված կառույցները, քրեակատարողական կառույցները և պրոբացիայի ծառայությունը 2` իրարից անկախ զեկույց ներկայացնեն: Նման ձևով այս գործընթացը մի փոքր մեխանիկական կդառնա, քանի որ, եթե 2 կառույց էլ դրական եզրակացություն տա, ապա քրեակատարողականի պետը գործը միանգամից կուղարկի դատարան, եթե՝ ոչ, ապա դատապարտյալը կորոշի` գնա դատարան, թե՝ ոչ: Եթե 2-ն էլ բացասական են, ապա դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը»,- ներկայացրեց Սուրեն Քրմոյանը: