Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական շարժումը, դրա առաջացման պատճառներն ու հետևանքները, հնարավոր ելքերը. այս հարցերի շուրջ լրագրողների հետ զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ երկրում առաջացել է նոր իրավիճակ՝ կապված ժողովրդական շարժման հետ. տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որը բնականորեն ժողովրդի մոտ առաջացրել էին դժգոհություն, և հանգուցալուծումը տեղի ունեցավ ժողովրդական շարժման բռնկումով՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Այս ամենը, Եղիազարյանի գնահատմամբ, բերեց վերջին 20 տարվա քաղաքական ուղեգծի որոշակի փոփոխության:
«Իհարկե, Փաշինյանը հավաստիացնում է, որ կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենա՝ կապված երկրի անվտանգության հետ: Սակայն պետք է արձանագրենք, որ այս ամենով սկիզբ դրվեց նոր հիմքի, և խնդիրները, որոնք տարիներով լուծում չէին ստանում, կամ դանդաղ էր լուծման ընթացքը, այս շարժման միջոցով հնարավորություն տրվեց նոր հանգուցալուծման տանելու և փորձելու լուծել դրանք»,- ասաց նա:
Ըստ Եղիազարյանի՝ արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն սպասվում. Հայաստանը հավատարիմ է մնում այն քաղաքական ուղեգծին, որը մինչ այդ որդեգրել էր: Սակայն, նրա խոսքով, կփոխվի խնդիրների լուծման մարտավարությունը, մոտեցումները:
Իսկ ինչ վերաբերում է երկրի ներքին խնդիրներին, ապա, ՀՅԴ ԳՄ անդամի կարծիքով, այստեղ բավականին փոփոխություններ են սպասվում, հիմնականում` կապված ընտրական համակարգի հետ: «Տեսեք՝ ամբողջ գործընթացը տանելու է արտահերթ ընտրությունների: Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները տեղի կունենան ողջամիտ ժամկետներում, չնայած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մինչև չլուծվեն, հնարավոր չի լինի արտահերթ ընտրություն իրականացնել: Հույս ունեմ, որ առնվազն մեկ տարի անց մենք կունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա ժողովրդի իրական քվեն ներկայացնող ընտրություն անցկացնել: Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար պետք է համախոհության սկզբունքով ձևավորել կառավարություն՝ իր ծրագրով, որը ես կանվանեմ անցումային կառավարություն: Առաջացել է իրավիճակ, որտեղ շատ խնդիրներ իրենց լուծումներում ոչ ստանդարտ են, և անցումային կառավարություն կոչվածը հնարավոր է էլի փոփոխությունների ենթարկվի»,- ասաց նա:
«Գոհացրե՞լ է կառավարության նոր կազմը, թե՞ դեռ պետք է աշխատել» հարցին Եղիազարյանը պատասխանեց, որ պետք է աշխատել: «Շտապողական կարծիքներ պետք չեն: Հաշվի առնելով, որ բավականին անծանոթ, քաղաքական և պետական ոլորտում մեծ կենսագրությւոն չունեցող մարդիկ են առկա կառավարությունում, բնականաբար, այս անորոշությունները որոշակի հարցեր են ծնում: Բայց եկեք մի քիչ լավատեսորեն նայենք: Այստեղ կարևորն անձինք չեն, այլ այն կուրսը, որը կորդեգրվի կառավարության գործունեության նոր ծրագրով: Ի վերջո, պետք է հասկանանք, որ միայն նախարարներով չէ, համակարգերը գործում են, համակարգերը պրոֆեսիոնալներն են տանում, կախված է, թե քաղաքական ի՞նչ խնդիր է դրվելու, և ղեկավար անձը որքանո՞վ է հետևողական լինելու տվյալ կուրսի առաջ տանելու հարցում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից դուրս գալուն և Փաշինյանին սատարելուն, ապա Եղիազարյանիը նշեց, որ Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է: Ըստ նրա՝ խնդիրներն ու առաջնահերթությունները, որ ունեցել են նախորդ իշխանության հետ քաղաքական համագործակցություն ձևակերպելիս, նոր իշխանության պարագայում նույնպես տեսնում են: «Եթե տեղյակ եք` մենք նաև բանակցային գործընթաց ենք ունեցել, հստակեցրել՝ դեպի ուր ենք գնում և ինչքանով կարող ենք նրանց հետ միասին ճանապարհ անցնել: Մեր մտահոգությունները փարատվել են, ինչը նպաստեց, որ նոր շարժման հետ համընթաց գնանք: Պետք է մեկ բան գիտակցել՝ կոալիցիան քաղաքական գործընթաց է, ինչ-որ ուժերի ամուսնություն չէ, և ինչ-որ մեկը պետք է մյուսի հետ քաղաքական համագործակցության մեջ լինի: Կար հստակ օրակարգ, կային խնդիրներ, ունեինք պայմանավորվածություն և հավատարիմ էինք այդ խնդիրներին, բայց երկրում առաջացավ նոր իրավիճակ, երբ ավտոմատ կերպով կոալիցիան դադարեց գոյություն ունենալ»,- ասաց նա:
Եղիազարյանի խոսքով՝ խնդիրները, որոնք ՀՀԿ-ի հետ ուրվագծել էին, դրանց լուծումն առաջ չէր շարժվում՝ կա'մ տեղում էին մնացել, կա'մ էլ արդեն հետընթաց քայլեր էին նկատվում: Բացի այդ, նրա բնութագրմամբ, երբ ժողովրդական շարժումը սկսվեց, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մարտավարական մոտեցումները բավականին տարբեր էին: «Հետևաբար` նոր իրավիճակում մենք չէինք կարող, չկիսելով մեր գործընկերոջ տեսակետը, մնալ այդ դիրքում: Մենք ունեինք մեր ինքնուրույն խոսքը և մեզ ազատություն տալու համար պետք է դադարեցնեինք կոալիցիան, որպեսզի կարողանայինք այն դերակատարումն ունենալ, որն ունեցանք»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ, ճիշտ է, աջակցում է շարժմանը, սակայն խնդիր չի դրել նոր կառավարությանը մաս կազմելու: Սակայն, Եղիազարյանի խոսքով, երբ նոր ղեկավարներից ստացան հրավեր, ապա, հաշվի առնելով իրենց մոտեցումները` համախոհության, միասնականության, ճիշտ քայլ չէր լինի չաջակցելը:
«Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել ներկա շարժման առաջնորդների հետ, այսինքն՝ փոխհամաձայնեցված տարբերակով` ինչքանով որ նրանք մեր մասնակցության կարիքը զգում են, այդքանով պատրաստակամ ենք աջակցել: Ինչ վերաբերում է ապագայում «Ելք»-ի հետ կոալիցիա կազմելուն, ապա դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Սակայն, եթե նկատել եք, Դաշնակցությունը միշտ գնացել է ինքնուրույն: Իհարկե, սա դոգմա չէ, տարբեր քաղաքական իրավիճակներում այլ մոտեցումներ են եղել, սակայն մենք միշտ ընտրություններին գնացել ենք մեր օրակարգով»,- ասաց Եղիազարյանը:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, երբ մինչ այդ հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը վարչապետի լավագույն թեկածուն է՝ Եղիազարյանը պատասխանեց` ոչ, Դաշնակցության համար լավագույն թեկնածուն իր թեկնածուն է եղել: «Առկա էր իրավիճակ, որտեղ կոալիցիայի շրջանակում պարտավորվածություն ունեինք և ասել էինք, որ կաջակցենք այն թեկնածուին, ում ՀՀԿ-ն կառաջադրի: Ուղղակի մեր խոսքի տերն ենք եղել` իհարկե, վերապահում ունենալով, որ նախընտրելի կլիներ նոր թեկնածուով հանդես գալը: Սակայն քանի որ մենք այդ շրջանում, առանց անուն նշելու, հայտարարել էինք, որ կաջակցենք ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին, այդպես էլ արեցինք, և Սերժ Սարգսյանին առաջադրելը նրանց որոշումն էր»,- ասաց Եղիազարյանը:
Նա նշեց նաև, որ իրենք չեն ուրանում նախորդ իշխանության հետ ունեցած իրենց հարաբերությունները, նման մոտեցում չկա: Եղիազարյանի խոսքով՝ իրենք անցել են ճանապարհ, որտեղ եղել են և' սխալներ, և' լավ կողմեր: