Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքականության մեջ մտնողը, եթե որոշել է իր ողջ կյանքի ընթացքում լինել իշխանություն, ապա նա չի մտել քաղաքականություն. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Եթե մենք, մեր քաղաքական դիրքորոշումները պահպանելով, գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն պատրաստ ենք լինել ընդդիմություն: Չենք խանգարելու մեր երկրի հեռանկարային շահերին, անվտանգության խնդիրներին, և ի տարբերություն մեր ընդդիմադիրների, պատրաստ ենք դրականը տեսնել և քննադատել բացասականը»,- ասաց նա:
Հարցին` Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո նրան են ենթարկվելու ուժային կառույցները, մտավախություն չկա՞, որ ՀՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան, և ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընկնում եք երազանքների ու ենթադրությունների գիրկը. ուժային կառույցը որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս` սիրո կոչ անողներինը: Այդ մտավախությունն ունեիք, որ մինչ մայիսի 1-ը առնետավազք պետք է լինի, ՀՀԿ-ն քայքայվի, բայց դուք տեսակ ամսի 1-ին, որ նման բան չեղավ: Եթե նման բան էլ լինի, կարևոր է, որ մեր քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինի»:
Իսկ թե վաղն ովքե՞ր են քվեարկելու Փաշինյանի օգտին, Բաղդասարյանը նշեց, որ կլինի Գործադիր մարմնի և խմբակցության նիստ, կորոշեն: «Դա կլինի քաղաքական որոշման արդյունք»,- ասաց նա:
Դիտարկմանը` Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, նա արձագանքեց. «Կարծեմ` ՀՀԿ խմբակցության ղեկավարը դեռ ես եմ, Էդմոն Մարուքյանը չէ: Մենք դեռ այդ որոշումը չենք կայացրել: Թող ամեն մեկն իր խմբակցության որոշումները կայացնի»:
Անդրադառնալով այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ի նախկին քվեարկության վրա ազդեցություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բաղդասարյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանին 5 տարի է` դեմքով չեմ տեսել, հեռախոսով էլ չեմ խոսել։ Խնդրում եմ, հանգիստ թողեք մեր երկրի նախկին նախագահներին»,- նշեց նա՝ հավելելով, որ իր ղեկավարած խմբակցության վրա նրանք չեն կարող որևէ ազդեցություն ունենալ։