կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 13:35
Աշխարհ

Յուրա Մովսիսյանը` նոր թիմի, Հենրիխ Մխիթարյանի և իր երազանքների մասին

Յուրա Մովսիսյանը` նոր թիմի, Հենրիխ Մխիթարյանի և իր երազանքների մասին


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետային», ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.


-Ինչպե՞ս ստացվեց, որ մնացիք Մոսկվայում, արձակուրդ գնալու փոխարեն:

-Ես այստեղ եմ, որովհետև ընտանիքս բարեկամներիս հետ ժամանել է Մոսկվա: Բացի այդ, պետք է որոշ փաստաթղթեր ստորագրեի՝ կապված «Սպարտակ» տեղափոխվելու հետ, պետք է ծանոթանայի թիմակիցներիս հետ: Հինգշաբթի մեկնում եմ Լոս Անջելես: Ռուսաստան կվերադառնամ հունվարի կեսին, որպեսզի մեկնեմ հավաքի:

 

-Վերջին հանդիպումները բաց եք թողել ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Այն շարունակու՞մ է Ձեզ անհանգստացնել:

-Առաջընթաց կա, սակայն մինչև վերջ խնդիրը լուծված չէ։ Բայց անկասկած, առաջնության գարնանային փուլի մեկնարկին պատրաստ կլինեմ 100 տոկոսով:


-Սեպտեմբերին Ձեր գործակալները բանակցություններ էին վարում «Կրասնոդարի» հետ պայմանագրի երկրարաձգման հարցով։ Ո՞րն էր համաձայնության չգալու պատճառը:

-Կրասնոդարցիները չէին կարող վճարել այնքան գումար, որքան ես ցանկանում էի վաստակել։ Նաև միշտ ցանկություն կար խաղալ թոփ-ակումբում, ես երազում էի նման հնարավորության մասին։ Որոշեցի բաց չթողնել այն և հույս ունեմ, որ երբեք չեմ զղջա  որոշմանս համար:


-Ու՞մ հետ խորհրդակցեցիք առաջին հերթին, երբ  «Սպարտակից» հրավեր ստացաք:

 

-Հորս: Նա ինձ վստահեցրեց, որ պետք է տեղափոխվեմ, քանի որ դա մեծ ակումբ է, որտեղ ես կարող եմ առաջընթաց ուեննալ: 25 տարեկան եմ, ֆուտբոլում ծաղկման տարիքում եմ, և պարտավոր եմ լավագույն տարիներս անցկացնել նման ուժեղ թիմում:


-Ձեր գործակալը վերջերս խոստովանեց, որ կային նաև այլ առաջարկներ մասնավորապես՝ «Սթոք Սիթիից», «Էվերթոնից»:  Ինչու՞ չտեղափոխվեցիք Անգլիա:

-Չէի ցանկանա հիմա դրա մասին խոսել։ Գլխավորը, որ «Սպարտակի» ֆուտբոլիստ եմ։ Դա  մեծ ակումբ է`     լավագույն երկրպագուներով։ Ունի պատմություն, սակայն վերջին շրջանում ոչ մի բան չեն նվաճել։ Ես այստեղ եմ, որպեսզի իմ գոլերով և խաղով հաղթանակներ և տիտղոսներ բերեմ «կրամրա-սպիտակներին»:


-Եթե Ձեզ խնդրեն Հայաստանի հավաքականում ձեր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանին հրավիրել «Սպարտակ», կօգնե՞ք այդ հարցում:

-(Ծիծաղում է) Իսկ ինչու՞ ո՛չ։ Իհարկե, ես խորհուրդ կտամ մտածել այդ տրանսֆերի մասին, սակայն Հենրիխն առանց այդ էլ խաղում է մեծ ակումբում՝ «Շախտյորում»: Բացի այդ, որքան գիտեմ, նա մի քանի հրավեր ունի եվրոպական թոփ-ակումբներից: Ամեն դեպքում, նա ինքը պետք է որոշի:

 

-Շատ ֆուտբոլիստներ մոսկովյան ակումբներ են տեղափոխվում և սեփական տաղանդը մսխում մայրաքաղաքի գիշերային բուռն կյանքի և հնարավորությունների պատճառով։ Նման վտանգ կա՞:

-Ո՛չ, նման բաներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Ես պրոֆեսիոնալ եմ, և չեմ կարող գիշերները ակումբներ գնալ և զվարճանալ մինչև առավոտ։ Նման բան երբեք ինձ թույլ չեմ տվել, քանի որ ինձ համար ամենակարևորը ֆուտբոլային կարիերան է: Ավելի լավ է ժամանակ անցկացնեմ կնոջս և երեխաներիս հետ

 

- Իրական եք համարում, որ Ձեր թիմը խաղա աշխարհի առաջնությունում:

-Դեռ վաղ է խոսել դրա մասին: Նայե՛ք մեր խմբին, այնտեղ խաղում են այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Դանիան, Չեխիան և Իտալիան։ Մենք երիտասարդ թիմ ունենք, և կարծում եմ, որ եթե Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես գալու համար պետք է հրաշք գործենք, ապա Եվրո 2016-ում խաղալու համար մենք իրական հնարավորություններ ունենք: Մենք խաղադաշտ դուրս չենք գալիս գումարների համար, այլ միայն նրա համար, որպեսզի պաշտպանենք երկրի պատիվը:։


-Եթե ֆուտբոլիստ չդառնայիք, ո՞ր մասնագիտությունը կընտրեիք։

-Ես նույնիսկ չեմ մտածել դրա մասին: Միշտ գիտեի, որ ֆուտբոլիստ եմ դառնալու:


-Մարդու մեջ ի՞նչն եք առավել գնահատում:

-Ամենակարևորը՝ անկեղծությունը, ինչպես նաև վախի բացակայությունը և ձգտումն անել այն, ինչը որ  ցանկանում է, այլ ոչ թե պարտադրվում:


-Ո՞րտեղ և ե՞րբ եք առավել երջանիկ եղել:

-Ես ամենաշատն ուրախանում եմ, երբ ընտանիքս, երեխաներս, բարեկամներս կողքիս են: Ես ապրում եմ նրանց համար:


-Ունե՞ք արդյոք մեկ բաղձալի երազանք:

-Իհարկե ունեմ։ Հայաստանի հավաքկաանի հետ խաղալ աշխարհի առաջնությունում, արժանիորեն հանդես գալ այնտեղ և անել այնպես, որպեսզի մեր երկրի մասին իմանա ողջ աշխարհը: