կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-21 13:50
Քաղաքական

Խոհեմությունը թելադրում է բանակցել առանց վերջնագրերի ու նախապայմանների. Արսեն Համբարձումյան

Խոհեմությունը թելադրում է բանակցել առանց վերջնագրերի ու նախապայմանների. Արսեն Համբարձումյան

Ողջունում ենք վարչապետի կոչը անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ, դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է, որ խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով եւ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով կոչ է անում Փաշինյանին` նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ. դա պետք է անել անհապաղ:

Ըստ Համբարձումյանի` երկխոսության ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար:

«Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունն այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել: Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի` հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով: Այս հեռանկարը մենք իրական ենք համարում: Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին ու արտաքին վտանգներով ու ռիսկերով: Խոհեմությունը թելադրում է բանակցել առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար»,- ասաց Արսեն Համբարձումյանը: