կարևոր
3478 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 15:01
Քաղաքական

Միրզոյանը կարևորել է Լաչինի միջանցքն առանց նախապայմանների ապաշրջափակելու անհրաժեշտությունը

Միրզոյանը կարևորել է Լաչինի միջանցքն առանց նախապայմանների ապաշրջափակելու անհրաժեշտությունը

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը:

Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։