կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 21:36
Իրավական

20 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց. լեյտենանտը կրակել է համաքաղաքացու վրա

20 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց. լեյտենանտը կրակել է համաքաղաքացու վրա

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար:

1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է  նույն քաղաքի բնակիչ  Վ.Զուլալյանը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։ 

Մասնավորապես՝  նախնական քննությամբ  փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի  Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ:  Պարզվել է, որ դեպքի օրը՝  1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին և վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ  իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։

Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ հետախուզվողը, ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներն օգտագործելով, ստացել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու անձնագիր և  2014թ. հունիսի 19-ին եկել է Հայաստան, ապա՝ կրկին դուրս եկել ՀՀ-ից:

Հետախուզվողը հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլին՝ Բագրատաշենի սահմանային անցակետում։  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: